Յուրաքանչյուր օր անկախությունը պահպանելու հրամայական է. Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի առիթով


Յուրաքանչյուր օր անկախությունը պահպանելու հրամայական է. Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի առիթով

  • 23-08-2022 10:56:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Երբ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հռչակագրով սահմանվեց անկախ պետության հաստատման գործընթացի մեկնարկը, ամբողջ երկիրը, մի ընտանիք դարձած, անպատմելի ոգեւորության մեջ էր: Պատմական զարգացման հերթականությամբ՝ Հռչակագրով սահմանվածն ամրագրվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով եւ Հայաստանի Հանրապետության ճանաչմամբ:
 
Հռչակագիրը նաեւ մեր Սահմանադրության մշակման թույլտվությունն էր, ինչը եւ կյանքի կոչվեց:
 
Տարիների հեռվից գնահատելով մեր ձեռքբերումները եւ Հռչակագրով բերած արժեքները՝ պարզ է դառնում այն գիտակցումը, որ անկախությունը վաստակած պարգեւ է, ինչն ավելի պարտավորեցնող է ստանալուց հետո: Յուրաքանչյուր օր անկախությունը պահպանելու հրամայական է, այն ամրացնելու ապացույցը՝ երբեք չավարտվող ջանքերը եւ չթուլացող զգոնությունը:
 
Մեր տեւական համառությամբ, չընկճվելու ժառանգությամբ եւ բացճակատ դիմակայելու ունակությամբ շարունակելու ենք պայքարել անկախությունը վտանգող տարբեր կողմերից եկող մանր ու մեծ փորձերի դեմ:
 
Եվ ինչպես Հռչակագիրն է սահմանում, մշտարթուն զգոնությամբ, ազնվորեն եւ մեծ պատասխանատվությամբ պետք է նպաստենք ժողովրդավարական, իրավական հասարակարգի  զարգացմանը:
 
Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի օրվա առթիվ, ամուր լինենք:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն