Հունաստանի հայ համայնքի ուսուցչուհին վստահ է. «Հայրենիքը ճանաչող երեխան չի ուզում վերադառնալ»


Հունաստանի հայ համայնքի ուսուցչուհին վստահ է. «Հայրենիքը ճանաչող երեխան չի ուզում վերադառնալ»

  • 26-08-2022 15:18:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունաստանի հյուսիսային շրջանների քաղաքներում հայ համայնքը թեև փոքրաթիվ է, սակայն աչքի է ընկնում իր աշխուժությամբ և հայապահպան ակտիվ գործունեությամբ: 
 
«Կոմոտինին ուսանողական հին քաղաք է, որտեղ հայերին առաձնահատուկ են վերաբերվում: Այստեղ տարին մեկ անգամ հայկական շաբաթ է անցկացվում. տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում, տեղացիները, ուսանողներն ու դասախոսները հնարավորություն են ունենում փորձելու հայկական ճաշատեսակները, տեսանյութի միջոցով ականատես են լինում լավաշի թխման արարողությանը, վայելում են հայկական երգն ու պարը: Մենք էլ պարբերաբար կազմակերպում ենք բաց դռների օր՝ հայկական սրահում օտարներին հնարավորինս ծանոթացնելու մեր ինքնությանը»,- ներկայացնում է համայնքի մեկօրյա հայկական դպրոցի ուսուցչուհին՝ Ռուզաննա Զոհրաբյանը:
 
Մասնագիտությամբ բուժքույր, առաքելությամբ մանկավարժ Ռուզաննան 2013 թ.-ից աշխատում է շուրջ 30 տարի գործող կիրակնօրյա հայկական դպրոցում: Դպրոցը հիմնել է Հայ օգնության միությունը: Այսօր այն գտնվում է Թաղային խորհրդի հովանու ներքո և գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից, որն արդեն 190 տարեկան է:
 
Այս պահին դպրոց են հաճախում հինգ-վեց տարեկանից մինչև տասնյոթ տարեկան 46 երեխա: Միակ ուսուցչուհին Ռուզաննան է. դասավանդում է հայոց լեզու, հայ գրականություն, հայրենագիտություն, ազգային պարեր. ինչպես ինքն է բնորոշում՝ «հայրենաճանաչություն»: 
 
«Դպրոցը մեկօրյա է, սակայն աշակերտները գալիս են շաբաթ և կիրակի՝ խումբ-խումբ` դասերն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Հայրենիքն իրապես ճանաչող երեխան սիրում է այն՝ ուր էլ որ լինի»,- պատմում է ուսուցչուհին և տեղեկացնում, որ այս տարի դիմել է Հայկական պետական մանկավարժական համալսարան՝ մանկավարժի կրթություն ստանալու: Սփյուռքում հայապահպանության գործի իրականացումը նրան հաջողվում է իր դպրոցական տարիքում ստացած գիտելիքով, իսկ ազգային պարերին ծանոթ լինելն ու տիրապետելը նրան թույլ են տվել բացել պարի խմբակ և փորձը փոխանցել հայ մանուկներին:
 
Նա ոգևորությամբ նշում է, որ քաղաքի ազատագրման օրը հույներն իրենց պարային խմբակը հրավիրում են տոնական միջոցառումներին մասնակցելու. և ոչ միայն, խումբը հրավերով պարբերաբար մասնակցում է նաև տարբեր մշակութային միջոցառումների:
 
Ուսուցչուհին հայրենաճանաչությունը խթանելու նպատակով յուրաքանչյուր տարեվերջին 14-17 տարեկան հայ պատանիների համար կազմակերպում է հայագիտական օլիմպիադա: «Հարցաշարը ինքս եմ կազմում, և հայաստանցի մասնագետների գնահատմամբ՝ բավականին բարդ ու դժվարապատչելի: Հաղթող երեխային անպայման խրախուսում ենք, օրինակ՝ մի տարի ուղարկեցինք Հայաստան՝ պարտադիր պայմանով, որ վերադառնալիս աշխատություն ներկայացնի Հայաստանի մասին՝ ներառելով տպավորությունները, փորձն ու գիտելիքը,- ասում է ուսուցչուհին՝ հավելելով,- հավատացե՛ք, հայրենիքը ճանաչող երեխան չի ուզում այնտեղից վերադառնալ»:
 
Ըստ ուսուցչուհու՝ համայնքի առաջնային խնդիրն, ինչպես բազմաթիվ այլ համայքներում, Հունաստանում ևս այդուհանդերձ մնում է լեզվի պահպանությունը:  
 
«Եթե այլ համայնքներում ծնողը ստիպված բացատրում է երեխային հայկական դպրոց գնալու անհրաժեշտության մասին, մեզ մոտ կարծես հակառակն է՝ երեխաներն ավելի շահագրգիռ են՝ դպրոց գալու և հայերեն սովորելու: Ինչպես ծնողներն են պատմում, երեխաների համար ամենամեծ պատիժն այն է, երբ նրանց ասվում է՝ այս շաբաթ հայկական չես գնալու»,- ժպիտով պատմում է Ռուզաննա Զոհրաբյանը:
 
Հունաստանի Կոմոտինի քաղաքի 110 ընտանիք ունեցող հայ համայնքում ապրում են նաև հունահայեր՝ շուրջ 30 ընտանիք, որոնք արևմտահայերենի կրողներ են: Ուսուցչուհին թեև ցավով է նշում, որ արևմտահայերենի դասընթացներ չունեն, սակայն միևնույն ժամանակ փաստում է՝ հունահայ ընտանիքն իր ներսում ամեն ինչ անում է լեզուն պահպանելու և երեխաներին հաղորդակից դարձնելու համար:
 
Ռուզաննա Զոհրաբյանը Հայաստան է եկել` մասնակցելու Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովին, որը միավորել էր Սփյուռքի շուրջ 90 մանկավարժների՝ բարձրաձայնելու Սփյուռքում կրթական հիմնախնդիրները: 
 
«Ես Հայաստանից հեռանում եմ՝ հետս տանելով սիրո մեծ պաշար՝ փոխանցելու մեր դպրոցի սաներին: Հայրենիքից ստացած յուրաքանչյուր դրական ապրումը մեզ համար անչափ կարևոր է»,- ասում է նա:
 
Նա դրական է գնահատում խորհրդաժողովի անցկացումը՝ որպես լավ հնարավորություն՝ յուրացնելու գործընկերների փորձը, տեղում առաջարկելու հիմնարար լուծումներ, կանխորոշելու ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության հետագա ուղիները:
 
Արդեն իսկ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ հանդիպելու և լրացուցիչ քննարկումներ իրականացնելու՝ ի նպաստ իրենց համայնքի: 
 
Հավատարիմ մնալով հայրենիքը տեղում ճանաչելու իր մտքին՝ նա առաջնային է համարում Սփյուռքի երեխաների համար ճամբարների կազմակերպումը, համալսարանների ծրագրերին ու գործունեությանը մանրամասն ծանոթացնելը, հայաստանցի երեխաների հետ ակտիվ շփումը: 
 
ԿԳՄՍՆ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն