Պետական աջակցության շնորհիվ դատապարտյալներն արդեն կարող են միջնակարգ կրթություն ստանալ. Արդարադատության նախարարություն


Պետական աջակցության շնորհիվ դատապարտյալներն արդեն կարող են միջնակարգ կրթություն ստանալ. Արդարադատության նախարարություն

  • 09-09-2022 16:58:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսուհետ 19 տարեկանից բարձր տարիք ունեցող դատապարտյալները պետական աջակցության միջոցով կկարողանան ստանալ միջնակարգ կրթություն, ինչն աննախադեպ երևույթ է համակարգի պատմության մեջ: Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, պետական օժանդակությամբ դատապարտյալները կանցնեն խտացված և անհատական ուսումնական ծրագիր՝ պատրաստվելով միջնակարգ կրթության վկայական ստանալու համար պահանջվող քննություններին:
 
Նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու դասապրոցեսին:
 
Փոխնախարար Սարգսյանը մասնակցել է 19 տարեկանից բարձր անձանց հանրակրթության իրականացման գործընթացին, զրուցել դատապարտյալների և ուսուցչական անձնակազմի հետ:
 
Սարգսյանը շնորհավորել է կրթական գործընթացի մասնակիցներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և փաստել, որ Արդարադատության նախարարության ջանքերով կրթությունն այլևս հասանելի է այն դատապարտյալներին, որոնք տարբեր պատճառներից ելնելով չեն ստացել միջնակարգ կրթություն:
 
«Կրթությունն է թե՛ ինքնազարգացման, թե՛ վերափոխվելու, թե՛ աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտացմամբ աշխատելու հենքը: Պետական այսպիսի աջակցությունն իրապես աննախադեպ հնարավորություն է ձեզնից յուրաքանչյուրի համար, որից պետք է միանշանակ օգտվել: Այսպիսի հնարավորություն անգամ շատ ու շատ առաջադեմ երկրներում չկա, ուստի մեր ուսուցչական անձնակազմի օժանդակությամբ պետք է մոտիվացված կերպով շարունակեք կրթվել, լցնել ձեր առօրյան օգտակար զբաղվածությամբ:»,- նշել է Սարգսյանը:
 
Նա հորդորել է դատապարտյալներին իրենց օրինակով մոտիվացնել նաև մյուս դատապարտյալներին, չհուսահատվել կրթական գործընթացի շրջանակներում հնարավոր տարբեր բարդություններից, բարձրաձայնել կարիքները, որոնք թույլ կտան ըստ անհրաժեշտության փոփոխել ուսման կազմակերպման մեթոդները, և գիտելիքների պաշարն ամրապնդել:
 
Փոխնախարար Սարգսյանը նաև շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, զրուցել է դատապարտյալների հետ, ծանոթացել հիմնարկի օդափոխության համակարգի ներդրման աշխատանքներին, որոնք, ըստ նախնական պլանավորման, տարեվերջին ավարտին կհասցվեն:
 
Այցին մասնակցել են նաև Արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ձոնիկ Մարգարյանն ու աշխատակիցները:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play