Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին


Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին

  • 13-04-2011 17:07:42   | Հայաստան  |  Վերլուծություն
(Հ. Դեմոյանի «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը» հոդվածի առթիվ) Ս. թ. մարտի 10-ին ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) էլեկտրոնային փոստով տարածվեց այդ հաստատության տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանի՝ «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը» հոդվածը (հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակներով)։ Նույն օրն այդ հոդվածը հրապարակվեց ՀՑԹԻ-ի, ինչպես նաեւ Լոս Անջելեսի «Ասպարէզ» օրաթերթի կայքերում։ ՀՑԹԻ-ի` ակադեմիականության հավակնող, առավել եւս՝ օտար լեզուներով հրապարակվող որեւէ հոդված պետք է համապատասխանի գիտական պատասխանատվության ու բարոյականության ամենախիստ պահանջներին, քանի որ այդ թանգարան-ինստիտուտը՝ իր անվան, կոչման եւ տեղադրության (Ծիծեռնակաբերդ) բերումով մեր պետության ու հանուր հայության համար ունի գերկարեւոր նշանակություն։ Ցավոք, աշխարհով մեկ տարածված, ծավալով ոչ մեծ այդ հոդվածը (հայկական տարբերակում՝ ընդամենը 949 բառ) շատ առումներով թերի է, ներառյալ պատմական փաստերի սխալ ներկայացումներ ու պատեհապաշտական մեկնաբանումներ, գիտական բարոյականության խախտումներ, չհիմնավորված եզրակացություններ, կեղծ-գիտականություն… ԱՌԱՋԻՆ, գիտական չէ բուն հարցադրումը՝ Արցախում (Ղարաբաղ) թուրքերի ցեղասպանական փորձերի քննարկումը՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ Բարձր Դռան վարած ընդհանուր քաղաքականությունից անջատ։ Մասնավորապես՝ հեղինակն անարդարացիորեն առանձնացնում է 1720-ական թվականներին Ղարաբաղի հայոց դիմադրությունը ճնշելու օսմանյան փորձերը, անտեսելով թուրքերի նույնական քաղաքականությունը հարեւան Սյունիքի, Երեւանի, հայկական այլ շրջանների ու բնակավայրերի դեմ։ Խառնափնթոր ու անհիմն է նաեւ Դեմոյանի հետեւյալ եզրակացությունը. «Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ թուրքական մոտեցումները (պատմական եւ ժամանակակից) որոշ առումով Ղարաբաղը վերածեցին թրքական ցեղասպանությունների իրականացման փորձադաշտի սուլթանական, երիտթուրքականների եւ քեմալականների/հանրապետականների կողմից» (շարադրանքի լեզուն այսպես խառնակ է բնագրում - Գ. Յ.)։ Սակայն Ղարաբաղը չէր կարող լինել «թրքական ցեղասպանությունների իրականացման փորձադաշտ» թեկուզ միայն այն բանի շնորհիվ, որ խնդրո առարկա ժամանակահատվածներում (1720-ական, 1918-1921 եւ 1990-ական թվականներ) այնտեղ կային հայկական զինված ուժեր, որոնք, ինչպես ընդունում է ինքը Դեմոյանը, արդյունավետ դիմադրություն ցույց տվեցին օսմանյան ու ադրբեջանական զորքերին։ Ուստի՝ Ղարաբաղում թուրքական ցեղասպանական փորձերի անջատ դիտարկումը հակապատմական է՝ թելադրված ներկա պահին հարմարվելու ցանկությամբ։ Տարածաշրջանային ներկա իրավիճակից բխող մտածողությունը Դեմոյանին բերում է Հայաստանն ու Ղարաբաղն առանձին երկրներ ներկայացնելու քաղաքականապես սնանկ եւ հույժ վնասակար դիրքորոշման: Ահավասիկ դրա ապացույցները` վերցրած Դեմոյանի հոդվածից. «Ղարաբաղյան հիմնահարցում թուրքական միջամտությունն ու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ մղվող պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունը…», «Հայաստանին տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության մեջ շրջափակելու փորձերը ուղղակի սպառնալիք ստեղծեցին Հայաստանի եւ Ղարաբաղի համար…»։ Մի՞թե ՀՑԹԻ-ի տնօրենը տեղյակ չէ, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է բոլոր առումներով` թե՛ ազգաբանորեն, թե՛ տնտեսապես, թե՛ մշակութապես, թե՛ լեզվական տեսակետից, թե՛ պատմականորեն, թե՛, վերջապես՝ ռազմական առումով, դեռ չնշելով 1989 թ. դեկտեմբերի 1-ի վերամիավորման հռչակագիրը, որը մինչեւ օրս չեղյալ չի հայտարարվել։ Դեմոյանը չգիտե՞, որ Հայաստանը, իբրեւ հայոց հայրենիքը բնորոշող հասկացություն, ներառում է թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նաեւ` հարեւանների բռնագրաված հայկական տարածքները (ցավոք, «Հայաստան» եւ «Արցախ-Ղարաբաղ» հասկացությունները տարբերակողները չափազանց շատ են ՀՀ իշխանական վերնախավում ու նրանց սպասարկող պալատական «փորձագետների» լեգեոնում)։ Փաստորեն, Դեմոյանը՝ Ղարաբաղը որպես առանձին մի երկիր ներկայացնելով, կամա թե ակամա, կեղծ-պատմագիտական դրույթ է պաշտպանում եւ իբրեւ այդպիսին, հող է նախապատրաստում արտաքին ուժերի՝ սկզբից ԼՂՀ-ն ՀՀ-ից, իսկ արցախցիներին` ԼՂՀ տարածքից դուրս ապրող հայերից անջատելու, այնուհետեւ նրանց միմյանց հակադրելու վտանգավոր, ազգակործան ծրագրերի համար։ ԵՐԿՐՈՐԴ, Հ. Դեմոյանը կոպտորեն խախտում է գիտական բարոյականության տարրական նորմերը, լռության մատնելով քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի՝ «1720-ական թթ. հայոց ապստամբությունը եւ ցեղասպանական ճնշամիջոցների ենթարկվելու վտանգը» (The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal, Yerevan, 1997) անգլերեն մենագրությունը: Այդ աշխատության մեջ Ա. Այվազյանը, բազմալեզու սկզբնաղբյուրների եւ գիտական գրականության ծավալուն հիմքի վրա, հայ պատմագիտության մեջ առաջին անգամ առաջադրել եւ ապացուցել է այն վարկածը, որ Հայաստանի ամբողջ տարածքի վրա հայերին ի սպառ բնաջնջելու ծրագրերն ու գաղափարներն Օսմանյան կայսրության իշխող շրջանակներում սաղմնավորվել են հե՛նց 1720-ական թվականներին։ Ի թիվս Այվազյանի նշած մի շարք այլ պատճառների, այդպիսի տրամադրություններն առաջացել են հատկապես այն կատաղի դիմադրությունից, որ հայերը ցույց տվեցին Արեւելյան Հայաստան ներխուժած օսմանյան բանակներին Արցախում, Սյունիքում, Երեւանում, Լոռիում եւ հայկական ազատագրական շարժման մի շարք այլ կենտրոններում։ Ըստ Այվազյանի, Օսմանյան կայսրության պետական քաղաքականությունն ի սկզբանե ուղեկցվել է ցեղասպան մտայնությամբ ու գաղափարախոսությամբ։ Այդ քաղաքականության իրագործմանը նպաստել են նաեւ հստակ մշակված մեխանիզմները, որոնցից մեկը ֆեթվան էր՝ կայսրության մուսուլման բարձրագույն հոգեւորականության կրոնաիրավական որոշումը։ Կարճ ասած՝ Այվազյանի մենագրության մեջ (որն, ի դեպ, վաղուց արդեն գիտական շրջանառության մեջ է մտել, բազմաթիվ գրախոսությունների արժանացել, նաեւ ամբողջությամբ զետեղվել համացանցում) քննության են ենթարկված շատ հարցեր ու հարցադրումներ, որոնց Դեմոյանն անդրադառնում է իր վերոնշյալ հոդվածում, այդ թվում՝ 1720-ական թվականներին Արցախում (եւ Սյունիքում) օսմանյան զորքերին պատճառված պարտություններն ու մարդկային կորուստները (Այվազյանի մենագրության էջ 4-20), հայերին ոչնչացնելու մտադրությունները (էջ 21-32), գերի ընկած օսմանցի զորահրամանատար Սալեհ փաշայի խոստովանությունը (էջ 39-40)։ Փաստորեն, Այվազյանի ամբողջ գիրքը առաջադրում եւ քննում է ճիշտ այն նույն խնդիրները, որոնց մասին գրում է Դեմոյանը: Վերջինս դրանք ներկայացնում է իբրեւ ի՛ր մտքի արգասիք` չհիշատակելով մինչ այդ արված աշխատանքը։ «Օսմանյան կայսրությունում բնաջնջման որոշումներ ընդունելն ու դրանք իրագործելը» ենթագլխում (էջ 33-36), հայ պատմագրության մեջ Այվազյանն առաջին անգամ ներկայացրել ու վերլուծել է 1720-ական թվականներին շիաների ու քրիստոնյաների ոչնչացման վերաբերյալ Օսմանյան կայսրության գերագույն մուֆթիի արձակած կրոնաիրավական որոշումները՝ ֆեթվաները, այնինչ Դեմոյանը, չհիշելով Այվազյանի գրքի մասին, գրում է. «1725 թվականին սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հայերին բնաջնջելու հատուկ ֆեթվա (հրաման) արձակեց օսմանցիներին հաջող դիմադրություն կազմակերպած հայերի դեմ՝ հրամայելով սպանել բոլորին` մեղադրելով ռուսներին Կովկաս բերելու եւ օսմանցիների մուտքը դեպի Բաքու շրջափակելու համար»։ Այս ասելով՝ Դեմոյանը կրկնակի սխալ է թույլ տալիս. 1) սուլթանը չէր կարող ֆեթվա արձակել, քանի որ դա Օսմանյան կայսրության բարձրագույն հոգեւոր հեղինակության՝ շեյխ-ուլ-իսլամ տիտղոսը կրող մեծ մուֆթիի բացառիկ իրավասությունն էր։ Սուլթանը նրան էր դիմում պետական կարեւորություն ունեցող հարցերով, իսկ ֆեթվան իր արձակման պահից ինքնըստինքյան մտնում էր ուժի մեջ եւ նույնիսկ սուլթանն իրավասու չէր դա չեղյալ հայտարարել։ 2) 1725 թ. հայերի ոչնչացման վերաբերյալ իբր արձակված հատուկ ֆեթվայի մասին պատմական տեղեկություններ չկան, գոնե առ այսօր չեն հայտնաբերվել։ Հայտնի են Կ. Պոլսում հրապարակված ընդամենը երկու նմանատիպ ֆեթվաներ՝ համապատասխանաբար 1723 եւ 1730 թվականներին, երկուսն էլ առաջին հերթին ուղղված Իրանի շիաների դեմ, ու պակաս չափով՝ քրիստոնյաների դեմ (տե՛ս Այվազյանի նշված աշխատությունը, էջ 33-36)։ Հ. Դեմոյանը մեջբերում է Ղարաբաղում 1725 թ. գերված օսմանցի զորահրամանատար Սալեհ փաշայի հարցաքննության ժամանակ արած հայտարարությունը, ուր նա հայտնում է հայերին ու շիաներին բնաջնջելու սուլթանի «հրամանի» մասին, որի արձակման ժամանակը, սակայն, չի հստակեցվում։ Հայ պատմաբանը, առավել եւս ՀՑԹԻ-ի նման պատասխանատու կառույցի ղեկավարը պարտավոր է իմանալ, որ սուլթանի հրամանը եւ ֆեթվան բոլորովին տարբեր բաներ են։ Ուշագրավն այն է սակայն, որ Սալեհ փաշայի խոստովանությունն ամբողջությամբ մեջբերված ու մեկնաբանված է նաեւ Այվազյանի նշված ուսումնասիրության մեջ (էջ 39-40)։ Այվազյանի գրքի հետ չափից շատ այս համընկնումները լուրջ մտորումների տեղիք են տալիս… Արմեն Այվազյանը, վերլուծելով Սալեհ փաշայի տված ցուցմունքը, ընթերցողի ուշադրությունը հրավիրում է աշխարհառազմավարական «սեպի» այն դերին, որ կատարում էին Սյունիքում եւ Արցախում (ոչ միայն Արցախում, ինչպես գրում է Դեմոյանը՝ ելնելով ներկա քաղաքական իրադրությունից) կենտրոնացած հայկական զինված ուժերը. «Հայկական Սղնախներն ի վիճակի էին որեւէ պահի կտրելու օսմանյան զորքերի եւ արեւելյան Այսրկովկասի որոշ շրջանները ռազմակալած նրանց սուննի դաշնակիցների՝ կովկասցի լեռնականների միջեւ եղած հաղորդակցության կարեւոր ուղիներն ու այդպիսով իրական պատնեշ էին օսմանյան ծավալապաշտության դեմ» (էջ 39): Դեմոյանի մեկնաբանությունը նույնատիպ է. «18-րդ դարի այս փաստաթղթում մենք տեսնում ենք հայերի հանդեպ թրքական մոտեցման ծագումնաբանությունը, որոնց հետագայում Թուրքիան կմեղադրվի Ստամբուլի եւ թրքական Արեւելքի միջեւ անմիջական կապը խափանելու մեջ» (շարադրանքի լեզուն այսպես խառնակ է բնագրում,- Գ. Յ.)։ Այվազյանը չափազանց հետաքրքրական մի տեղեկություն էլ մեջբերում է մխիթարյան միաբան Եղիա վարդապետի` 1725 թ. մարտի 9-ին Կ. Պոլսից Մխիթար Սեբաստացուն հասցեագրած նամակից (էջ 28-29)։ Նամակում ասվում է. «Թագավորը (սուլթան Ահմեդ Գ-ը,- Գ. Յ.) կատաղած է հայերի վրա եւ բազմիցս ցանկացել է Պարսկաստանի դեպքերի պատճառով հայերին ի սպառ բնաջնջել, բայց մուֆթին հայերին բնաջնջելու ֆեթվա չի արձակել» [«թագաւորն տաղտկացեալ է ի հայոց եւ բազմիցս կամեցեալ է բնաւ զՀայս բնաջինջ առնել, բայց մուֆթին ոչ տուեալ է զհրաման առ ի բնաջինջ առնել զՀայս»]։ Այվազյանի նույն մենագրության մեջ նշված է, որ Ղարաբաղում հայերը գերի էին վերցրել Սալեհ փաշային 1725 թ. մարտի 3-4-ին (էջ 20, էջ 70, ծան. 72)։ Իսկ, ինչպես նշեցինք, Եղիա վարդապետի նամակը գրվել է 1725 թ. մարտի 9-ին, այսինքն՝ Սալեհ փաշայի հարցաքննության ժամանակ հայերին բնաջնջելու վերաբերյալ հատուկ ֆեթվա գոյություն չի ունեցել։ Այդուհանդերձ՝ 1720-ական թվականներին Արեւելյան Հայաստանի (ոչ միայն Ղարաբաղի) հարյուր հազարավոր հայեր ենթարկվեցին կոտորածի, բռնի տեղահանության եւ գերեվարության։ Կարծում եմ, ասվածը բավարար է, որպեսզի պարզ լինի, որ Հ. Դեմոյանը պարզապես պարտավոր էր հղում կատարել Արմեն Այվազյանի «1720-ական թթ. հայոց ապստամբությունը եւ ցեղասպանական ճնշամիջոցների ենթարկվելու վտանգը» մենագրությանը, քանի որ վերջինիս մեջ, ինչպես վերն արդեն նշվեց, առաջին անգամ բարձրացվել եւ մասնագիտորեն վերլուծվել են այն խնդիրները, որոնց Դեմոյանն անդրադառնում է իր մարտի 10-ի հոդվածում։ ՀՑԹԻ-ի տնօրենի՝ ուրիշի հեղինակային իրավունքի խախտման փաստի դիմաց՝ զավեշտալի է դիտվում ՀՑԹԻ-ի տարածած հետեւյալ եռալեզու ծանոթագրությունը. «Բոլոր իրավունքները պաշտպանված են: ՀՑԹԻ-ի կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է»: Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայում պետք է լրջորեն զբաղվեն Հ. Դեմոյանի կողմից գիտական բարոյականության խախտման նշածս դեպքով, ինչպես նաեւ մեզանում տարածում գտած բոլոր նման դեպքերով։ Եթե մենք իրոք ուզում ենք, որ ՀՀ-ում գիտությունն ապագա ունենա, ապա գիտական բարոյականության բոլոր տեսակի խախտումներին պետք է տալ ամենախիստ ու անաչառ գնահատականները։ Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ Գերմանիայի պաշտպանության նախարար Կարլ Թեոդոր ցու Գուտտենբերգին զրկեցին ինչպես իր պաշտոնից, այնպես էլ իր դոկտորական աստիճանից այն պատճառով, որ իր ավարտաճառում փոխառել էր հատվածներ տարբեր հրապարակումներից ու ելույթներից՝ առանց համապատասխան հղումներ անելու։ Գերմանական մամուլը այդ չկայացած գիտնականին անվանեց «պարոն Copy-Paste»… ԵՐՐՈՐԴ, Հ. Դեմոյանի հոդվածի բոլոր երեք տարբերակները (հայերեն, ռուսերեն եւ անգլերեն) լիքն են մտքի, մեղմ ասած, անհաջող կառուցվածքներով ու լեզվաոճական սխալներով, որոնք անթույլատրելի են նույնիսկ ուսանողական ռեֆերատի համար։ Որպեսզի ասվածը չհնչի իբրեւ մերկապարանոց մեղադրանք, ստորեւ մի քանի նախադասություն մեջբերենք հոդվածի հայերեն տարբերակից, մեկնաբանությամբ հանդերձ (մեր սույն հրապարակման ռուսերեն տարբերակում բերված են նմանատիպ օրինակներ Դեմոյանի ռուսերեն շարադրանքից). 1. Հետեւյալ անմշակ ու թերի կետադրությամբ երկար նախադասության նույնիսկ մի քանի անգամ ընթերցումը թույլ չի տալիս հետեւել հեղինակի մտքին. «Հայաստանին նախապայմաններ առաջադրելու Թուրքիայի ներկայիս դիրքորոշումը, ներառյալ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում ճնշումներ գործադրելու քաղաքականությունը եւ Հայաստանից ցանկալի զիջումներ ստանալու ձգտումը, պատմական համատեքստի տեսանկյունից շատ արդիական է թվում եւ հղումները պատմական փաստերին, այս տեսանկյունից օգնում են լույս սփռել Ղարաբաղյան հարցի շուրջ «թուրքական ռազմավարության» ակունքների վրա»: 2. Լեզվաոճական առումով խառնափնթոր, նույնքան երկար հետեւյալ նախադասության մեջ երեք անգամ գործածվել են «փորձ» բառը, երկուական անգամ էլ՝ «կողմից» եւ «ուղղակի/ուղղակիորեն» բառերը. «Չէի ցանկանա պնդել, որ ցեղասպանության երրորդ փորձը Ղարաբաղի հայերի բնաջնջման ուղղակի քաղաքականություն էր Թուրքիայի կողմից, սակայն Անկարայի լիակատար աջակցությունն Ադրբեջանին, վերջինիս կողմից մարդկության դեմ հանցագործությունների իրականացման եւ հայ բնակչության արտաքսման փորձերը թույլ են տալիս պնդելու, որ Թուրքիան, ուղղակիորեն, ներգրավված էր Ղարաբաղում հայերի դեմ նոր ցեղասպանություն իրագործելու փորձի մեջ»: 3. Հավանաբար, միայն Դեմոյանին ու նրա քաղաքական հովանավորներին է հայտնի, թե Թուրքիան ինչպես կարող էր առհասարակ Ղարաբաղյան հիմնահարցի (տեքստում՝ «դրա») «հանգուցալուծման մասը» լինել՝ ինչպես ուղղակի, այնպես էլ՝ լեզվաիմաստային առումով. «Ղարաբաղյան հիմահարցում թուրքական միջամտությունն ու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ մղվող պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունը Թուրքիային վերածեց ավելի շատ հիմնախնդրի, քան թե դրա հանգուցալուծման մասը»: 4. ա) Դեմոյանը չարաշահում է հատուկ եզրույթների գործածումը («Pax Ottomanica», «զրոյական խնդիրներ», Realpolitik), բ) դարձյալ ընկնում է նույնաբանության մեջ՝ կրկնելով «սեփական պատմություն» արտահայտությունը, գ) թույլ է տալիս կոպիտ տառասխալ (պետք է լինի ոչ թե «վերաշարադրումն», այլ «վերաշարադրման»). «Թուրքիան պետք է ընդունի հայերի եւ «Pax Ottomanica»-ի շատ ուրիշ ազգերի դեմ իրագործած ցեղասպանությունները, իսկ սեփական պատմության վերաշարադրումն անհրաժեշտությունը բխում է սեփական պատմության ու հիշողության հետ «զրոյական խնդիրներ» ունենալու հրամայականից, քանզի Realpolitik-ը լուծում չի հանդիսանում երկրի ներկայիս ազգային ու պետական ինքնությունների ճգնաժամերի հաղթահարման համար»: 5. Ստորեւ մեջբերված պարբերության առաջին նախադասության մեջ Դեմոյանը պնդում է, որ Թուրքիան գործուն մասնակցություն է ունեցել ղարաբաղյան պատերազմին, իսկ հաջորդ նախադասության մեջ այդ երկիրը ներկայացնում է որպես «պասիվ դիտորդ» (ի դեպ՝ հայերենում «պասիվ» բառի համարժեքը «կրավորականն» է)։ Երկրորդ նախադասության մեջ կրկնված է «դառնալ» բայը. «...Թուրքական կանոնավոր բանակի հարյուրավոր զինվորներ եւ սպաներ, ներառյալ տասը գեներալ, ներգրավված էին հայկական ինքնապաշտպանական ուժերի դեմ իրականացվող ռազմական գործողություններում: Կրկին Թուրքիան դարձավ պարտված կողմ, այս անգամ Ադրբեջանի հետ միասին` դառնալով Բաքվի ստորացուցիչ պարտությունների պասիվ դիտորդը»: «Հայկական ինքնապաշտպանական ուժերի դեմ իրականացվող ռազմական գործողություններում» ներգրավված թուրք գեներալների՝ Դեմոյանի նշած թիվը լուրջ կասկածների տեղիք է տալիս։ Պարզապես՝ ադրբեջանական բանակի ընդհանուր թվաքանակը չէր բավարարի 10 թուրք գեներալի համար։ Ընթերցողին մնում է միայն տարակուսել, թե Դեմոյանը որտեղի՞ց է հայթայթել այդ` բացահայտորեն չափազանցված թիվը։ Երկէջանի բաբելոնյան շարադրանքի արդյունքում, Դեմոյանը բնականաբար չէր կարող արդարացված եզրակացությունների հանգել։ Այսպես, նա, ի միջի այլոց, ամփոփում է. «Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգային պետությունները ձեւավորվել են ժողովուրդների բնաջնջումների ու բռնաճնշումների արդյունքում, եւ ապագայում այս հանգամանքները լուրջ հետեւանքներ են ունենալու երկու պետությունների համար»: Թուրքիան ազգային պետություն ներկայացնելուն վերաբերելով մեծ վերապահումով, անհնար է անմիջապես չառարկել Ադրբեջանի կապակցությամբ՝ այդ ե՞րբ այնտեղ հասցրեցին ազգային պետություն ստեղծել, երբ Ադրբեջանական Հանրապետության տարածքում բնակվող բազմաէթնիկ տարրերից դեռ նոր-նոր է ադրբեջանցի ազգ գոյանում: Մյուս կողմից, հեղինակը չի ճշտում՝ ե՞րբ եւ ի՞նչ «լուրջ հետեւանքներ» են ունենալու Թուրքիայի ու Ադրբեջանի համար նրանց իրագործած ցեղասպանությունները։ Ի հեճուկս Դեմոյանի՝ մենք ականատեսն ենք հակառակ իրականության՝ ցեղասպանություններն ունեցել են աղետալի հետեւանքներ այն ժողովուրդների համար, ում նկատմամբ դրանք իրագործվել են, եւ ոչ միշտ՝ այն պետությունների համար, որոնք դրանք իրագործել են։ Հայ ժողովուրդը երկար ժամանակ է, ինչ քաղում է քսաներորդ դարի առաջին ու տակավին անպատիժ մնացած ցեղասպանության դառը պտուղները, այսօր էլ դեռ գտնվելով կյանքի ու մահվան եզրագծին (բավարար է այն աղետալի փաստի արձանագրումը, որ ազգի թվաքանակի ավելի քան երկու երրորդն այսօր ապրում է հայկական գերիշխանությունից դուրս գտնվող երկրներում, ինչն ըստ էության նշանակում է ձուլում՝ «սպիտակ ջարդ»)։ Առանց հիմնավորման ճամարտակել Թուրքիայի եւ Ադրբեջանի գլխներին գալիք ինչ-որ անորոշ «լուրջ հետեւանքների» մասին ոչ այլ ինչ է, քան անլուրջ մոտեցում, ցանկալին իրականություն ներկայացնելու մանկական բարբաջանք, պատրանք, որոնք գիտության հետ որեւէ կապ չունեն։ Մի քանի խոսք եւս լեզվական անհարթությունների մասին, որոնք հարիր չեն նույնիսկ աշակերտին: Շարադրանքում առկա են օտարաբանություններ, ինչպես ռուսերենի любой բառի` արեւելահայերենին (վերջին տարիներին նաեւ վերջինիս միջոցով արեւմտահայերենին անցած) «ցանկացած» թարգմանություն-հիմարությունը, որ համազգային ախտի է վերածվել եւ որից կարծես փրկություն չունենք (Դեմոյանը գործածում է, օրինակ, «ցանկացած խոչընդոտ» ցնդաբանությունը. խելքը գլխին ո՞ր մարդը խոչընդոտ կցանկանա), հայերեն համարժեքներ ունեցող օտար բառերի գործածումը (օրինակ` «էքսպանսիա»` «տարածում»-ի փոխարեն), հոգնակի գոյականներին եզակի բայեր կցելու տարրական սխալները («ձախողվեց ... փորձերը», «փորձերը ... հանդիսանա» եւ այլն), օտարաբանություն հուշող «կողմից» բառի անհարկի կիրառումը, եւ լեզվական բազմաթիվ այլ սխալներ: Պե՞տք է պր. Դեմոյանին ու բոլորին հիշեցնել, թե հայոց լեզվի անաղարտության պահպանումը օրենքով ամրագրված պարտավորություն է: Ի դեպ, անհարթություններ ու սխալներ կան նաեւ օգտագործված գրականության ընդամենը երեք աղբյուրների հղումներում: Հեղինակը իր իսկ հեղինակած «Турция и Карабахский конфликт» աշխատության անվան մեջ Карабахский-ն հիշատակում է Карабахской սխալ ձեւով: Այս սխալը առկա է խնդրո առարկա հոդվածի թե՛ հայերեն եւ թե՛ ռուսերեն շարադրանքների հղման աղբյուրներում, ինչը վկայում է, որ հեղինակը գերազանց է յուրացրել Copy-Paste տեխնոլոգիան… Ավելին՝ Դեմոյանի հոդվածում ինքն իր գրքի հրատարակության տարեթիվն (Турция и Карабахский конфликт в конце XX - начала XXI веков: историко-сравнительный анализ. - Ер.: Авторское издание, 2006) հետ է տարել ոչ ավել, ոչ պակաս՝ 11 տարով` 2006-ի փոխարեն նշելով 1995 թ.։ Ի՞նչ է սա՝ անփութությու՞ն, լուրջ հարցեր սեփական հիշողությա՞ն հետ, թե՞ կանխամտածված կեղծիք։ Վերջում նկատեմ, որ Դեմոյանը ճիշտ կաներ, եթե Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության մասին ելույթով հանդես գար փոքր-ինչ ավելի վաղ՝ «հայ-թուրքական հաշտության» «մեղրամսի» ժամանակաշրջանում։ Ի վերջո, Թուրքիան միայն «ներկայիս» չէ, որ ՀՀ-ին նախապայմաններ է առաջադրում, ինչպես փորձում է իր ընթերցողին հավատացնել Դեմոյանը: Այդ նախապայմանները հնչել են Թուրքիայի կողմից ՀՀ անկախությունը ճանաչելու վայրկյանից, ինչի ապացույցը այդ պետության` իր հարեւան ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու ռազմավարական հետեւողական դիրքորոշումն է: Ինչպես հայտնի է, Հայկ Դեմոյանը մեռելածին «ֆուտբոլային դիվանագիտության» մոլի ջատագովներից էր ու թերեւս միակ դիպլոմավոր հայ պատմաբանը, որը կողմ էր արտահայտվում պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ՀՀ քաղաքական ղեկավարության ընդունած անխոհեմ որոշմանը։ Քաղաքականության մեջ` պատեհապաշտությունը երբեմն պարտադրյալ է, բայց գիտության մեջ` բոլոր պարագաներում անբարո է։ Հ. Գ. Վերեւը նշված լեզվական սայթաքումները հերիք չէին կարծես: Բացարձակապես անընդունելի է այն, որ ՀՑԹԻ-ի էլեկտրոնային լրատուն ունի միայն անգլերեն անվանում՝ Museum G-Brief, Electronic Periodical of the Armenian Genocide Museum & Institute, Yerevan, Armenia: Ո՞վ է իրավունք տվել ՀՑԹԻ-ի ղեկավարությանը` ոտնահարել ՀՀ Սահմանադրության 12-րդ` «լեզվական» հոդվածն ու «Լեզվի մասին» օրենքը, որի առաջին հոդվածը հայտարարում է, թե ՀՀ պետական լեզուն (կուզենայի որ շեշտված լիներ` պետական միակ լեզուն)` հայերենը «սպասարկում է հանրապետության կյանքի ԲՈԼՈՐ ոլորտները» (մեծատառերը իմն են - Գ. Յ.): Բացի այդ՝ աշխարհով մեկ ցրվող այդ լրատուի՝ դարձյալ միայն անգլերենով ներկայացված հրատարակման տվյալների սյունակում ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիան ներկայացված է որպես ոչ թե ՀՑԹԻ-ի վերադաս կառույց, այլ` … ճիշտ հակառակը` ՀՑԹԻ-ին ենթակա հիմնարկություն, ահա այսպես՝ National Academy of Sciences of the Armenian Genocide Museum-Institute… Հանրահայտ երգի նմանողությամբ էլ եզրափակենք` հենց այսպե՛ս էլ Հայոց ցեղասպանության ակադեմիական ինստիտուտ ենք ղեկավարում… ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ (պատմ. գիտ. թեկնածու) gevorgyazichyan@gmail.com 25 մարտի 2011 թ. Երեւան
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play