Գագիկ Մինասյան. «Ներկայումս պետական բյուջեի վերանայման որեւէ<br /> հրամայական չկա»<br />


Գագիկ Մինասյան. «Ներկայումս պետական բյուջեի վերանայման որեւէ
հրամայական չկա»

  • 12-03-2009 17:10:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարությունը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի եւ ազգային արժույթի` դրամի, արժեզրկման հետեւանքները մեղմելու ուղղությամբ արդեն հանդես է եկել որոշակի օրենսդրական փոփոխություններ կատարելու եւ ենթաօրենսդրական ակտեր ընդունելու նախաձեռնությամբ: Վերջին օրերին վարչապետը եւ կառավարության որոշ անդամներ նաեւ խորհրդակցություններ են անցկացրել կոալիցիոն կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների հետ, իսկ մարտի 12-ին նախատեսվում է վարչապետի հանդիպումը ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության հետ, որոնց արդյունքում, հնարավոր է, նոր նախաձեռնություններ ի հայտ գան: Այս մասին մարտի 12-ին «Հայացք» ակումբում հայտնեց Ազգային Ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Գագիկ Մինասյանը: Նա հայտարարեց, որ ներկայումս պետական բյուջեի վերանայման «որեւէ հրամայական չկա»: Ըստ Գ.Մինասյանի, բյուջետային համակարգի մասին Հայաստանի օրենքը հնարավորություն է տալիս կառավարությանը նախատեսված որոշ ծախսերի կատարումը տեղափոխել ավելի ուշ ժամկետի, մասնավորապես, չորրորդ եռամսյակ: «Մենք ակնկալում ենք, որ բավականին բարդ իրավիճակ պետք է լինի մեր բյուջեի հավաքագրման առումով, սակայն երբեք չենք պատրաստվում մեր սոցիալական ուղղվածության ծախսերը կրճատել»,- ասաց նա: Ինչ վերաբերում է բյուջեի մուտքային մասին, ապա, ըստ Գ.Մինասյանի, առկա են բավականին լուրջ ռեզերվներ, մասնավորապես, նախորդ տարիներին կուտակած եւ չծախսած 77 մլրդ դրամի գումարը հնարավորություն կտա, ավելացնելով դեֆիցիտը մինչեւ 3 տոկոս, ապահովել բյուջեի բոլոր ծախսային հոդվածները: Անդրադառնալով մարտի 3-ից դրամի եւ արտարժույթի ազատ փոխարժեքի վերականգմանը, Գ.Մինասյանը նշեց, որ Կենտրոնական բանկը այլեւս որեւէ ինտերվենցիա չի կատարում դրամի արժեքը պահելու համար, միայն երբեմն փորձում է միջամտել` կտրուկ տատանումերը մեղմելու նպատակով: Նրա խոսքերով, ներկայումս «դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ պահպանում է իր կայունությունը, իսկ ԿԲ-ի կողմից իրականացվող միջամտությունները գումարային առումով զրոյականի են հավասար»: Գ.Մինասյանի գնահատմամբ, դրամի 20 տոկոս արժեզրկման հետեւանքով ապրանքային շուկայում առաջացած գների տատանումները արդեն դադարել են, եւ գները կայունացել են: Նշվեց նաեւ, որ այսուհետ դրամ/դոլար փոխարժեքի հնարավոր տատանումները պայմանավորված կլինեն միջազգային շուկայում դոլարի տատանումներով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play