Մանկավարժների և սովորողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման ծրագրից օգտվում է շուրջ 7500 քաղաքացի


Մանկավարժների և սովորողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման ծրագրից օգտվում է շուրջ 7500 քաղաքացի

  • 07-10-2022 13:19:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
2021 թվականի հունվարի 1-ից հանրակրթական ուսհաստատությունների մանկավարժներն ու սովորողներն օգտվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցումից: 
 
2021 թ. փոխհատուցման կարգից օգտվել են 5030 մանկավարժ և 2769 դպրոցահասակ սովորող, փոխհատուցվող տրանսպորտային ծառայությունների ծախսը կազմել է 401 մլն 578 հազար ՀՀ դրամ: 2022 թ. մեկ կիսամյակում կարգից օգտվել են 5096 մանկավարժ և 2492 սովորող, ծախսը կազմում է 188 մլն 365 հազար ՀՀ դրամ: Այսինքն` պետական աջակցության այս ծրագրից տարեկան միջին հաշվով օգտվում է շուրջ 7500 քաղաքացի:
 
Հիշեցնենք, որ մանկավարժների և սովորողների համար 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով սահմանվել են.
 
• Փոխհատուցվում է սովորողների տրանսպորտային ծառայությունների ծախսը՝ անկախ հեռավորությունից, եթե աշակերտը, իր փաստացի բնակության վայրում ուսումնական հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ կրթական ծրագրի բացակայությամբ պայմանավորված, ուսումը ստանում է այլ բնակավայրի կրթական հաստատությունում: Նախկինում հատուցումը տրվում էր միայն այն դեպքերում, եթե բնակավայրերի միջև հեռավորությունն առնվազն 3 կմ էր:
 
• Մանկավարժները (այդ թվում` դասավանդող նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչները` զինղեկները) փոխհատուցման կարգից կարող են օգտվել 0,5 և ավելի հաստիքով աշխատելու դեպքում: 0,5-ից ավելի հաստիքային դրույքի սահմանափակումը չի տարածվում ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերի դպրոցների ուսուցիչների, ինչպես նաև տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի գծով միակ ուսուցիչը հանդիսացող ուսուցիչների վրա։
 
• Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր ուսուցչի և դպրոցահասակ երեխայի համար ավելացվել է՝ նախկին 15000-ի փոխարեն դառնալով 20200 ՀՀ դրամ:
 
• Միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղի լինելու դեպքում՝ փոխհատուցման գումարը տրվում է համապատասխան երթուղիների համար սահմանված սակագների չափով: Միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ՝ բայց ոչ պակաս 200 ՀՀ դրամը:
 
• Եթե բացակայում է միկրոավտոբուսային կամ ավտոբուսային երթուղին, և տվյալ բնակավայրից տրանսպորտային փոխհատուցման ծառայություններից օգտվող երեխաների և ուսուցիչների թիվը փոքր է չորսից (այսինքն` ենթադրաբար, անգամ համատեղ տաքսուց օգտվելու տարբերակը արդյունավետ չի լինի), ապա այս դեպքում տրամադրվող փոխհատուցման չափը կկազմի նվազագույնը 1000 ՀՀ դրամ` ներկա ստացած յուրաքանչյուր օրվա համար։ Այս գումարը հավասար բաժանվում է բոլոր օգտվողներին:
 
Նշենք, որ 2022 թվականից կարգով նախատեսված փոխհատուցումները ստանում են նաև ուսուցչի օգնականները և հատուկ մանկավարժները:
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play