Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը


Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը

  • 17-10-2022 12:36:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հոկտեմբերի 15-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը, որի կազմում էին խորհրդարանականներ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը, Միշել Մատերն ու Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։ Հանդիպմանը մասնակցել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը։
 
Քրիստիննե Գրիգորյանը, ողջունելով Շվեյցարիայի խորհրդարանականների պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել Հայաստան և ՀՀ ՄԻՊ գրասենյակ այցի համար, ապա ներկայացրել հաստատության գործառույթները, դերը և մանդատը:
 
Իր խոսքում Պաշտպանն անդրադարձել է սեպտեմբերի 13-15-ը ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումներին ու հումանիտար իրավիճակին, ներկայացրել է պատերազմական հանցագործությունները, որոնք արձանագրված են Պաշտպանի արտահերթ զեկույցներում։ «Չկա անվտանգություն առանց մարդու իրավունքների և երաշխավորված չեն մարդու իրավունքներն առանց անվտանգության»,- շեշտել է Գրիգորյանը:
 
Պաշտպանը պատասխանել է պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին՝ ներառյալ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող առաջնահերթություններին։
 
Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին կատարվող աշխատանքի համար։
 
ՀՀ ՄԻՊ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play