ՀՀ վարչապետը, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցների հետ, հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում


ՀՀ վարչապետը, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցների հետ, հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում

  • 21-10-2022 14:10:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցների հետ, այսօր հյուրընկալվել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի նստավայրում: 
 
ՀՀ նախագահը հաջող ընթացք է մաղթել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին և համոզմունք հայտնել, որ այս ձևաչափով քննարկումները կնպաստեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու տնտեսական անվտանգության մեխանիզմների ամրապնդմանը: 
 
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Խաչատուրյանին ջերմ խոսքերի համար և մանրամասներ ներկայացրել նիստի ընթացքի վերաբերյալ: ՀՀ վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն նախագահ, արդեն կարելի է ասել` ավանդաբար մենք Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի աշնանային նստաշրջանն անցկացնում ենք Երևանում: Երեկ անցկացրինք նեղ կազմով նիստը, և պետք է ասեմ, կարծում եմ՝ գործընկերներն էլ կհամաձայնվեն, որ բավական արդյունավետ նիստ էր: Ընդունեցինք մի շարք կարևոր որոշումներ, որոնք կնպաստեն ԵԱՏՄ հետագա զարգացմանը: 
 
Ընդհանրապես աշնանային նիստը Միջկառավարական խորհրդի ամփոփիչ նիստն է: Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ ԵԱՏՄ տնտեսական մեխանիզմներն իրենց արդարացնում են, քանի որ Հայաստանի Հանրապետության համար այս ոչ հեշտ ժամանակներում Եվրասիական տնտեսական միության երկրների և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքաշրջանառությունն ավելի քան կրկնապատկվել է: Սա իսկապես տպավորիչ փաստ է: Ստացվում է՝ կյանքի է կոչվում այն բանաձևը, երբ ասում ենք, որ դժվար ժամանակները, ճգնաժամային իրավիճակները ոչ միայն մարտահրավերներ են բերում, այլև նոր հնարավորություններ, և մենք պետք է շարունակենք սերտ աշխատանքը, որպեսզի օգտագործենք այդ հնարավորությունները: Ուրախ եմ, որ առաջ ենք շարժվում հենց այս ուղղությամբ: 
 
Այսօր մեզ է միացել Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Նիգմատի Արիպովը: Նա կմասնակցի ընդլայնված կազմով նիստին:
 
Ուզբեկստանը դիտորդ երկիր է Եվրասիական տնտեսական միությունում, ինչը շատ ուրախալի է: Հույս ունեմ և վստահ եմ, որ այսօր ևս կունենանք լավ, արդյունավետ և արգասաբեր նիստ»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play