Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները` տարածաշրջանում միջուկային բժշկության ոլորտի առաջատարը լինելու համար


Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները` տարածաշրջանում միջուկային բժշկության ոլորտի առաջատարը լինելու համար

  • 13-04-2011 15:38:56   | Հայաստան  |  Հասարակություն
Ապրիլի 13-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում Հայդելբերգի համալսարանի հիվանդանոցի Իոնային ճառագայթային թերապիայի կենտրոնի գիտատեխնիկական գծով տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Թոմաս Հաբերերի հետ: Ըստ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հաղորդագրության, Թոմաս Հաբերերը Հայաստանում է գտնվում ապրիլի 12-16-ին Ա.Ի. Ալիխանյանի անվ. ազգային գիտական լաբորատորիայի (ԱԳԼ) Միջազգային փորձագիտական խորհրդակցական մարմնի հանդիպման շրջանակներում: Այցի նպատակն է հայաստանյան գործընկերների` ֆիզիկայի եւ առողջապահության ոլորտի մասնագետների, հետ փոխանակել միջուկային բժշկության ոլորտի համաշխարհային փորձը եւ կիրառությունը: Հանդիպման ընթացքում դոկտոր Հաբերերը հանդես եկավ «Իոնային ճառագայթների թերապիայի կենտրոն. նոր չափանիշ ուռուցքաբուժության մեջ» թեմայով զեկույցով, որին հաջորդեց հարց եւ պատասխանի հատվածը: Հանդիպման կազմակերպիչներն էին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը եւ Ա.Ի. Ալիխանյանի անվ. ազգային գիտական լաբորատորիան: «Հայդելբերգի համալսարանի պրոֆեսորի այցը Հայաստան կարեւոր է մի քանի պատճառով: Նախ մենք նման հանդիպումների միջոցով փորձում ենք համագործակցության հիմքեր ստեղծել` քաղծկեղի բուժման առաջատար տեխնոլոգիաների եւ փորձի կիրառության համար: Նաեւ այսպիսի համագործակցությունների արդյունքում մենք Հայաստանում գրանցված որոշ հիվանդների կարող ենք ուղղորդել մեր արտասահմանյան գործընկերների կլինիկաներ` առավել առաջատար եւ Հայաստանում գոյություն չունեցող բուժման հնարավորություններից օգտվելու համար»,- ասաց Մրցունակության հիմնադրամի Առողջապահական ծրագրի տնօրեն Էդվարդ Սաֆարյանը: «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը զարգացման լայն հնարավորություններ է ստեղծում: Այն կխթանի ոչ միայն առողջապահության, այլ նաեւ հետազոտական ենթակառուցվածքի զարգացումը: Կենտրոնը Հայաստանի համար շատ հետաքրքիր եւ կարեւոր ներդրում է, քանի որ այդ ոլորտներն իսկապես զարգանալու տեղ ունեն»,- նշեց դոկտոր Հաբերերը: «Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները` տարածաշրջանում միջուկային բժշկության ոլորտի առաջատարը լինելու համար: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, հաշվի առնելով բոլոր մրցակցային առավելությունները, ստանձնել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն ստեղծելու նախաձեռնությունը: Առաջիկայում, երբ մենք կսկսենք «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի» աշխատանքները եւ պայմանավորվածություններ ձեռք կբերենք հավանական ներդրողների հետ, կարող ենք ավելի հստակ նախանշել բժշկության այս առաջատար ոլորտում Հայաստանի դերն ու անելիքները»,- ասաց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն