ԱԺ-ն պարտավոր է ինստիտուցիոնալ մակարդակով համարժեք պատասխան տալ Ադրբեջանի հայտարարությանը. Անդրանիկ Թևանյան


ԱԺ-ն պարտավոր է ինստիտուցիոնալ մակարդակով համարժեք պատասխան տալ Ադրբեջանի հայտարարությանը. Անդրանիկ Թևանյան

  • 02-12-2022 13:04:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն անընդունելի է համարում Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, ով ներկայացրեց Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:
 
Նա նշեց, որ նոյեմբերի 8-ին Ադրբեջանի խորհրդարանն ընդունել էր հայտարարություն 44-օրյա պատերազմի վերաբերյալ: Պատգամավորի խոսքով՝ այդ հայտարարության մեջ նենգափոխվել է Ղարաբաղյան հակամարտության էությունը, դրա ծագման պատճառները:
 
«Մեր տեսանկյունից սխալ գնահատականներ են տրվել 44-օրյա պատերազմի պատճառներին: Այդ հայտարարության մեջ Հայաստանի հետ խոսվել է ուլտիմատումների և շանտաժի լեզվով: Հայաստանին ներկայացվել են անընդունելի և իրավական որևէ հիմք չունեցող պահանջներ: Կիրառվել է ռազմատենչ հռետորաբանություն, օգտագործվել են այնպիսի ձևակերպում, ինչպիսին է «Արևելյան Զանգեզուր» ձևակերպումը, որը իրենց տեսակետից ենթադրում է, որ կա նաև այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուր», որի նկատմամբ իրենք ունեն ծավալապաշտական նկրտումներ: Կրկին խոսվել է միջանցքի մասին և այսպես կոչված խաղաղության համաձայնգի հիմքում դրվել է այն գաղափարը, որ Ղարաբաղյան հակամարտությունը արդեն կարգավորված է, որ Ղարաբաղի հարցը փակված է, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մաս և ղարաբաղցիների հետ իրենք կխոսեն իրենց ներքին օրենսդրության շրջանակներում: Այս ամենը մեզ համար անընդունելի է: Հայաստանի խորհրդարանը պարտավոր է ինստիտուցիոնալ մակարդակով և համարժեք պատասխան տալ Ադրբեջանի հայտարարությանը, որն ընդունվել է խորհրդարանի կողմից, որովհետև լռությունը լավագույն դեպքում վախի, իսկ վատագույն դեպքում համաձայնության նշան է»,- ասաց Թևանյանը:
 
Ավելի վաղ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ էր քվեարկել «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագծին՝ առաջարկելով նախագծի վերաբերյալ բովանդակային քննարկումներ ծավալել ԱԺ արտահերթ նիստում, որը հրավիրել է «Հայաստան» խմբակցությունը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play