Հայաստանի ԿԲ-ն թողարկել է «Ցուլ» ոսկե հուշադրամ<br />


Հայաստանի ԿԲ-ն թողարկել է «Ցուլ» ոսկե հուշադրամ

  • 24-02-2009 19:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է ցուլի պատկերով ոսկե հուշադրամ: Ծրագրում ներառված են կենդանակերպի տասներկու նշանները: Ըստ ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության, հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքեւ, շրջագծով, հայերեն եւ անգլերեն անվանական արժեքի մակագրությունն է` «DRAM 10000 ԴՐԱՄ»: Զինանշանից վերեւ նշված է թողարկման տարեթիվը` «2009»: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Նշված շրջանագծի եւ եզրաշուրթի միջեւ առկա է երկրորդ գծավոր շրջանագիծը: Շրջանագծերի միջեւ դաշտը բաժանված է տասներկու հավասար մասերի, որոնցում պատկերված են կենդանակերպի նշանների գրաֆիկական խորհրդանիշները: Եզրաշուրթի մոտ, վերեւում` հայերեն, իսկ ներքեւում` անգլերեն, շրջանագծով մակագրված է, համապատասխանաբար, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի դարձերեսի կենտրոնում աստղային երկնքի ֆոնի վրա ցուլի պատկերն է: Վերեւի աջ ասում պատկերված է ցուլ կենդանակերպի նշանի խորհրդանիշը: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Շրջանագծի եւ եզրաշուրթի միջեւ, վերեւում` լատիներեն, իսկ ներքեւում` ռուսերեն, նշված է համաստեղության անվանումը, համապատասխանաբար, «TAURUS» եւ «ՏԵԼԵՑ»: Դարձերեսի դաշտի ձեւավորման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամը շրջանագծով, երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Ու. Վալեժակը: Հուշադրամը դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում: Հուշադրամի անվանական արժեքը 10 հազար դրամ է, մետաղը` ոսկի, հարգը` 900, զանգվածը` 8,6 գ, տրամագիծը` 22 մմ, որակը` լավացված, դրամաշուրթը` ատամնավոր, տպաքանակը` մինչեւ 10 հազար հատ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play