Փուլային տարբերակով նախատեսվում է ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ


Փուլային տարբերակով նախատեսվում է ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ

  • 06-12-2022 14:01:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Առաջարկվում է ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Հարցը քննարկվեց Ազգային ժողովում:
 
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ նպատակներից մեկը ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համակարգ ձևավորելն է, ինչը հնարավորություն կընձեռի առավել հեշտությամբ և ճշտության ավելի բարձր աստիճանով տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական հասցեատերերին ու շահառուներին:
 
Պողոսյանը նշեց նաև, որ հայտարարագիր ներկայացնելու համար սոցիալական շարժառիթների համակարգ կստեղծվի:
 
«Նախատեսվում է Կառավարությանն իրավասություն վերապահել սահմանելու «ընտանիքի կազմ» հասկացությունը, սոցիալական ծախսերի առանձին տեսակներ, ուղղություններ, թույլատրելի չափեր, որոնց մասով հնարավորություն կընձեռվի հարկման բազայից կատարել նվազեցումներ և որոշ դեպքում նաև դրանց համապատասխանող եկամտային հարկի գումարը հետ ստանալ հայտարարագրերի ներկայացմամբ»,- ասաց փոխնախարարը:
 
Համակարգի ներդրման առաջին փուլում, ըստ նախագծի, նախատեսվում է, որ հայտարարատու կհամարվեն այն քաղաքացիները, որոնք «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ զբաղեցնում են համայնքային կամ հանրային պաշտոններ:
 
Հայտարարատու կհանդիսանան նաև 2022 թվականի արդյունքներով եկամտի 1 միլիարդ դրամի շեմը գերազանցած ընկերությունների բաժնետերերը:
 
Հաջորդը ռեզիդենտ քաղաքացիներն են, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամ կամ ավելի փոխառություններ նշված առևտրային կազմակերպություններից:
 
Մյուս խմբում այն քաղաքացիներն են, որոնք 2023 թվականի դրությամբ հանդիսանում են հիփոթեքային վարկի սպասարկման տոկոսների գծով եկամտային հարկի փոխհատուցումներ ստացող քաղաքացիներ:
 
2024 թվականից հայտարարագրի համակարգին կմիանան այն քաղաքացիները, որոնք վարձու աշխատողներ են կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են աշխատանքների կատարման դիմաց եկամուտներ: 
 
Վերջին փուլում՝ 2025 թվականին, առաջարկվում է համակարգում ընդգրկել նաև մնացյալ ռեզիդենտ ֆիզիկական անձանց: 
 
«Հայտարարագրի նախագիծը պատրաստվելու է հարկային մարմնի կողմից՝ այդ պահի դրությամբ հարկային մարմնին հայտնի տեղեկատվության հիման վրա: Խոսքը հարկային գործակալների կողմից հարկված եկամուտների, դրանցից պահված եկամուտների մասին տեղեկություններն են, որոնք տնօրինում է հարկային մարմինը»,- ասաց Պողոսյանը:
 
Եթե քաղաքացին տեսնի, որ հայտարարագրում արտացոլված որոշ տեղեկություններ պետք է վերանայվեն կամ լրացվեն, դրանից հետո է միայն նա հաստատում իր համար ներկայացվող հայտարարագիրը: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play