Մայիսին Գերմանիայում կկայանա տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ճարտարագիտական ոլորտին նվիրված հայ-գերմանական համաժողով


Մայիսին Գերմանիայում կկայանա տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ճարտարագիտական ոլորտին նվիրված հայ-գերմանական համաժողով

  • 13-04-2011 12:39:43   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Գերմանիայի Կարլսրուե քաղաքում 2011թ. մայիսի 18-19-ին կկայանա տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ճարտարագիտական ոլորտներին նվիրված հայ-գերմանական համաժողով: Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Կարլսրուեի Առեւտրի եւ Արդյունաբերության պալատը, Քրոնիմետ Մայնինգ Բաժնետիրական Ընկերությունը եւ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը: Համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի եւ Գերմանիայի, մասնավորապես Կարլսրուեի Տեխնոլոգիական Տարածաշրջանի, բարձր տեխնոլոգիաների ոլորտի եւ բիզնես համայնքների միջեւ համագործակցության ամրապնդմանը, ստեղծել համապատասխան միջավայր նոր գործարար կապերի հաստատման եւ նոր ներդրումների ներգրավման համար: Եվրոպայի ճիշտ կենտրոնում տեղակայված Կարլսրուեի Տեխնոլոգիական Տարածաշրջանը հանդիսանում է եվրոպական խոշոր տեխնոլոգիական կենտրոն համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք ինովացիոն ընկերությունների եւ հետազոտական կենտրոնների համար: Համաժողովը կհամախմբի ոլորտի շահագրգիռ կողմերին եւ երկու երկրների գործարարներին` ընձեռելով փորձի եւ ինֆորմացիայի փոխանակման լայն հնարավորություն: Համաժողովին կմասնակցեն Հայաստանի եւ Գերմանիայի կառավարության անդամներ, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտական ոլորտները եւ Կարլսրուեի Տեխնոլոգիական Տարածաշրջանը ներկայացնող ընկերություններ եւ ձեռնարկատերեր:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ