Ադրբեջանը հետապնդում է Արցախի տնտեսության հիմքերը խարխլելու, բնակչությանը եկամտի աղբյուրից, աշխատատեղերից զրկելու նպատակ


Ադրբեջանը հետապնդում է Արցախի տնտեսության հիմքերը խարխլելու, բնակչությանը եկամտի աղբյուրից, աշխատատեղերից զրկելու նպատակ

  • 19-12-2022 14:21:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ադրբեջանը հետապնդում է Արցախի Հանրապետության տնտեսության հիմքերը խարխլելու, բնակչությանը եկամտի աղբյուրից, աշխատատեղերից զրկելու նպատակ։
 
Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ դատախազությունը, որում ասված է․
 
«Սույն թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպաններ, կեղծ պատրվակով ապօրինաբար զավթել են Արցախը Հայաստանին կապող ճանապարհը՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Երկու օր շարունակ Ադրբեջանը դիտավորությամբ դադարեցրել էր նաև ՀՀ-ից Արցախ գազի մատակարարումը:
 
Հիշյալ դեպքերի կապակցությամբ ԱՀ գլխավոր դատախազությունը անհապաղ նախաձեռնել է քրեական վարույթներ, որոնց շրջանակում ձեռնարկված քննչական, այդ թվում՝ ԱՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ՝
 
Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի զավթումը կազմակերպած Ադրբեջանի քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը հատուկ ծառայությունների՝ նախկին կամ ներկա աշխատակիցներ են.
 
բարձրաձայնվող բնապահպանական խնդիրը ընդամենը օգտագործվում է որպես սեփական արարքները արդարացնելու և դրանց հիմնավոր տեսք հաղորդելու միջոց.
 
Ադրբեջանը հետապնդում է Արցախի Հանրապետության տնտեսության հիմքերը խարխլելու, բնակչությանը եկամտի աղբյուրից, աշխատատեղերից զրկելու նպատակ.
 
Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունները հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին, դրանով արձանագրված ստատուս-քվոյին.
 
Արցախի Հանրապետության քաղաքացիները, որպես այդ տարածքի բնիկ ժողովուրդ և իրավատեր, միջազգային իրավունքի ուժով ունեն այդ տարածքի հողի, շրջակա բնական միջավայրի, բնության և ընդերքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունք, որը Ադրբեջանը փորձ է անում անտեսել ու չեզոքացնել»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն