Արցախում մահացել է ծանր հիվանդներից մեկը՝ 42-ամյա տղամարդ


Արցախում մահացել է ծանր հիվանդներից մեկը՝ 42-ամյա տղամարդ

  • 19-12-2022 20:43:10   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Ադրբեջանի գործողությունների հետևանքով շրջափակման մեջ հայտնված Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկն այսօր մահացել է։
 
Տեղեկությունը լրատվամիջոցներին է փոխանցել Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը՝ նշելով, որ մահացածը 42-ամյա տղամարդ է, որը 15 տարի շարունակ հեմոդիալիզ էր ընդունում, և այս պահին նա տեղափոխման ենթակա չէր։
 
Ավելի վաղ ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Բժիշկների կատարում են հնարավորը՝ հիվանդների վիճակը կայունացնելու համար:
 
«Արևիկ բուժմիավորումում» 10 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում: Երեխաներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
 
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն, նա հրատապ վիրահատության կարիք ունի:
 
Հիշեցնենք՝ արդեն 8-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը, շրջափակման մեջ է 120 հազար մարդ, 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալ չի կարող։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play