974 մլն 720 հազար դրամ լրացուցիչ հատկացում` կրթական և մշակութային հաստատությունների բարեկարգման համար


974 մլն 720 հազար դրամ լրացուցիչ հատկացում` կրթական և մշակութային հաստատությունների բարեկարգման համար

  • 22-12-2022 14:35:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կառավարության դեկտեմբերի 22-ի որոշմամբ վերաբաշխում է կատարվել ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեում, և լրացուցիչ շուրջ 974 մլն 720 հազար դրամ է հատկացվել կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների ու գույքային հագեցվածության բարելավման համար:
 
Ներկայացնելով հարցը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախատեսվող ծախսերը կարելի է դասակարգել 3 խմբի` մի շարք կրթական և մշակութային հաստատություններում իրականացնել նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, շինարարական աշխատանքների կատարում, գույքային հագեցվածության բարելավում: 
 
«Շինարարական աշխատանքներ իրականացնելու համար նախագծանախահաշվային փաստաթղթեր կմշակվեն երկու դպրոցի, մեկ մշակութային հաստատության և մեկ գիտական կենտրոնի համար, որտեղ նախատեսվում է ձևավորել գիտական միջավայր և թանգարան` դպրոցականների՝ գիտության նկատմամբ հետաքրքրության աճը խթանելու նպատակով: Ծախսային երկրորդ ուղղությունը շինարարական աշխատանքներն են, որոնք վերաբերում են մշակութային 4 հաստատության: Նախատեսվող աշխատանքներն էապես կփոխեն ծրագրում ընդգրկված մշակութային հաստատությունների պայմաններն ու միջավայրը` նպաստելով աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և այցելուների քանակի ավելացմանը: Ծախսային երրորդ ուղղությունը վերաբերում է 6 կրթական և 4 մշակութային հաստատությունների գույքային հագեցվածությանը: Դրանք հիմնականում այն կրթական հաստատություններն են, որտեղ վերակառուցման և նորոգման անհրաժեշտ աշխատանքներն արդեն արված են, և նոր գույքի ապահովմամբ կամբողջացվեն իրականացված աշխատանքները: Մշակութային հաստատությունների համար նախատեսված գույքի ձեռքբերումը ևս կարևոր նշանակություն ունի, քանի որ դրանով կբարելավվեն աշխատանքի պայմաններն ու միջավայրը»,- նշել է նախարարը:
 
Նախագծանախահաշվային փաստաթղթեր`
 
Բերդի ավագ դպրոցի շենքի տանիքի նորոգման նախագիծ
Երևանի Գ. Գյուլբենկյանի անվ. թիվ 190 ավագ դպրոցի ճաշարանի նորոգման նախագիծ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սառնամատակարարման ու ջրամատակարարման համակարգերի հիմնանորոգման նախագիծ
ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի՝ գիտական կենտրոնի ստեղծման համար նախատեսված շենքի հիմնանորոգման նախագիծ 
Շինարարական աշխատանքներ`
 
Գ. Սունդուկյանի անվան ազգային թատրոնի տանիքի վերակառուցում
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Արամ Խաչատրյան» համերգասրահի գրասենյակային հատվածի, աստիճանավանդակների, փորձասենյակի վերանորոգում, դռների և պատուհանների փոխարինում
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի թանգարանային մասնաշենքի տանիքի հիմնանորոգում
Հայաստանի ազգային պատկերասրահի  էլեկտրականության բաշխման սարքերի մոնտաժման աշխատանքների իրականացում
 
Գույքով ապահովում`
 
«Վանաձորի գյուղատնտեսական պետական քոլեջ հիմնադրամի լսարանային, լաբորատոր և գրասենյակային գույքի ձեռքբերում
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի համար գույքի և նյութատեխնիկական բազայի ապահովում
Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի մասնագիտական նյութատեխնիկական բազայի ձեռքբերում
Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի համար լսարանային, մարզական և վարչական գույքի ձեռքբերում
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի համար նոր գույքի ձեռքբերում
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համար գրասենյակային գույքի և տեխնիկայի ձեռքբերում
Հայաստանի ազգային պատկերասրահում նոր վերելակների տեղադրում
Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի համար մասնագիտացված լաբորատոր սարքավորումների ձեռքբերում
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի լուսաձայնային սարքավորումների ձեռքբերում 
Հայաստանի երգի պետական թատրոնի համար նոր դահլիճի աթոռների ձեռքբերում
 
 
ՀՀ ԿԳՄՍՆ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն