Ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. կատարվել են «տոնական հսկիչ գնումներ»


Ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. կատարվել են «տոնական հսկիչ գնումներ»

  • 26-12-2022 11:20:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Գաղտնիք չէ, որ ստվերային տնտեսության առկայությունը պայմանավորված է կանխիկ գումարների շրջանառության հետ, հետևաբար, տնտեսության մեջ առկա ստվերը նվազեցնելու ու թաքցված եկամուտները հարկային դաշտ բերելու նպատակով, հարկային մարմինը միջոցներ է ձեռնարկում՝ «Անկանխիկ գործառությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումների պահպանման նկատմամբ։ 
 
Մասնավորապես, կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում միասնական մտահղացման շրջանակում, մտացածին և ճշմարտանման տեղեկությունների օգտագործման միջոցով, «հարսանեկան միջոցառման» նախապատրաստության շրջանակում հսկիչ գնումներ են կատարվել։
 
Այդ նպատակով՝
 
- ավտովարձույթի ծառայություններ մատուցող «ՄԻԼԵՆԻՈՒՄ ՍՎԻԹ» ՍՊԸ-ից պատվիրվել է չորս ավտոմեքենա, ընդհանուր 860 000 ՀՀ դրամ արժեքով, որի համար կանխիկ վճարվել է  500 000 ՀՀ դրամ կանխավճար, սակայն գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 1 000 000 ՀՀ դրամ:
 
- «ՄՈՆ ԱՄԻ» ֆիրմային անվամբ ծաղիկների վաճառքով և դիզայնով զբաղվող «ՄՈՆԱՄԻ» ՍՊԸ-ից պատվիրվել է 3 500 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հարսանեկան ձևավորում, որի համար վճարվել է 1 000 000 ՀՀ դրամ կանխավճար, որը վճարվել է առձեռն, որի գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 990 656 ՀՀ դրամ:
 
- «ԱԳՆԵՍ ՔԵՅԿՍ» ֆիրմային անվամբ հարսանյաց տորթերի պատրաստման և վաճառքի գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատեր Ագնեսա Ավագյանի հրուշակեղենի խանութից պատվիրվել է 1 100 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հարսանեկան տորթ, որի համար վճարվել է 500 000 ՀՀ դրամ կանխավճար, որը վճարվել է առձեռն, որի գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 825 320 ՀՀ դրամ:
 
- «Go travel» ֆիրմային անվամբ, տուրիստական գործունեությամբ զբաղվող «ՄԻԼԱՄԱՔՍ» ՍՊԸ-ից պատվիրվել է տուրիստական ճամփորդություն դեպի Մալդիվյան կղզիներ 2 575 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, որից 500 000 ՀՀ դրամը, որպես կանխավճար, վճարվել է կանխիկ եղանակով` առձեռն, որի գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 700 735 ՀՀ դրամ:
 
- «Grace Bridals» ֆիրմային անվամբ հարսի զգեստի վարձույթով և վաճառքով զբաղվող «ԱԼՅՈՒՐ» ՍՊԸ-ի հարսանյաց հագուստի սրահում պատվիրվել է 500 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հարսանեկան զգեստ, որի համար վճարվել է 100 000 ՀՀ դրամ կանխավճար, որի գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել ՀԴՄ կիրառության պահպանման կանոնները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 206 150 ՀՀ դրամ:
 
- Հարսանյաց հանդիսավարների զույգին, որոնք հաշվառված են որպես անհատ ձեռնարկատեր Տարոն Իսպիրյան և անհատ ձեռնարկատեր Թամարա Պետրոսյան, առաջարկվել է վարել հարսանեկան հանդիսությունը, որի դիմաց պահանջված գումարը կազմել է 2 000 000 ՀՀ դրամ։  Այդ նպատակով կանխիկ վճարված 500 000 ՀՀ դրամ կանխավճարի դիմաց չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմում է 1 000 000 ՀՀ դրամ:
 
Հորդոր
 
Առկա իրավակարգավորումներով պայմանավորված՝ ՀԴՄ կտրոնների տրամադրումը պարտադիր է: Ընդ որում, հաճախ կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները խախտելը կարող է վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների կատարման ռիսկի մասին, ուստի ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է բոլոր սեփականատերերին, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներին, բոլոր շահառուներին՝ ընդունել ի գիտություն օրենքի պահանջը և պահպանել կանխիկի սահմանափակման կարգավորումներն ու հարկային կարգապահությունը։ 
 
Ելնելով ստեղծված իրավիճակից և գնահատելով ստացված օպերատիվ տվյալները՝ ՊԵԿ-ը մշտապես հսկողության տակ է պահելու նշված վարքագիծ դրսևորող անձանց  բացահայտումը և առկա արատավոր երևույթների կանխումը։ 
 
ՀՀ ՊԵԿ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն