Փաշինյանը ԼՂ–ին կոչ է անում խուսափել հայտարարություններից և բանակցել Ադրբեջանի հետ


Փաշինյանը ԼՂ–ին կոչ է անում խուսափել հայտարարություններից և բանակցել Ադրբեջանի հետ

  • 12-01-2023 13:20:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Փաշինյանի խոսքով՝ Լաչինի միջանցքի շրջափակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է, և չպետք է իրականացնել քայլեր, որոնք ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար։
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված խնդրի լուծման համար Լեռնային Ղարաբաղի իշխանությանն ու ժողովրդին կոչ է անում խուսափել քաղաքական հայտարարություններից։ 
 
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարություն է ընդունվել, որում ասվում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ մտահոգություններ են առաջացրել, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը:
 
«Առաջին հերթին պետք է խուսափել իրադրությունն ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս»,– հայտարարեց Փաշինյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
 
Նա նաև նշեց, որ ԼՂ–ի իշխանության ու Ադրբեջանի միջև պետք է երկխոսություն սկսվի, որպեսզի ԼՂ–ն թույլ չտա իրեն մեղադրել կառուցողական խոսակցությունը խափանելու կամ այն անհնար դարձնելու մեջ։
 
«Լաչինի միջանցքի շրջափակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է, և չպետք է իրականացնել քայլեր, որոնք ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար»,– ասաց Փաշինյանը։
 
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ՀՀ վարչապետը հայտարարեց, որ դիվանագիտական կառույցները պետք է կրկնապատկեն ԼՂ–ում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությունը մեծացնելու ու միջազգային ատյաններում քննարկման առարկա դարձնելու ջանքերը։
 
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
 
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
 
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play