Համոզված ենք, որ այս օրերին տեղի ունեցած համագործակցությունը նպաստելու է Հարավային կովկասում հարաբերությունների նորմալացման գործընթացին. Չավուշօղլու


Համոզված ենք, որ այս օրերին տեղի ունեցած համագործակցությունը նպաստելու է Հարավային կովկասում հարաբերությունների նորմալացման գործընթացին. Չավուշօղլու

  • 15-02-2023 14:37:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանն այս դժվարին օրերին մեզ իր մարդասիրական ձեռքն է ուղղել և ցույց է տվել համերաշխություն և համագործակցություն: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Անկարայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո լրագրողների համար կատարած հայտարարության ժամանակ ասաց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
 
«Այսօր Հանդիպել ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Երկրաշարժից հետո նա  այցելել է մեզ՝ ի նշան Թուրքիայի հետ համերաշխության:
 
Երկրաշարժից անմիջապես հետո վարչապետ Փաշինյանը ցավակցական ուղերձ հղեց մեր նախագահին և հայտնեց, որ պատրաստ է աջակցություն տրամադրել: Վարչապետ Փաշինյանը նաև հեռախոսազրույց ունեցավ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Դրանից հետո Հայաստանը մեր երկիր որոնողափրկարարական խումբ ուղարկեց, ովքեր փետրվարի 8-ից մինչ օրս Ադայամանում աշխատում են մեզ հետ: Նրանք փոքր աղջկա և երիտասարդ կնոջ են կարողացել ողջ դուրս բերել փլատակներից»,- նշեց Թուրքիայի ԱԳ նախարարը՝ շնորհակալություն հայտնելով հայկական կողմին այս դժվարին օրերին իրենց միայնակ չթողնելու համար:
 
Չավուշօղլուն մանրամասնեց, որ Հայաստանը 100 տոննա մարդասիրական աջակցություն է ուղարկել աղետից տուժած Թուրքիա, ևս մեկ խմբաքանակ ճանապարհին է:
 
«Դժբախտաբար, Հայաստանը ևս գտնվում է սեյսմիկ գոտում: Բոլորիս հիշողության մեջ մնում է 1988 թվականին Սպիտակի աղետալի երկրաշարժը, որի ժամանակ Թուրքիան ևս օգնություն էր ուղարկել Հայաստանին: Հայաստանը 1999 թվականին մեր երկրում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ ևս մարդասիրական օգնություն էր ուղարկել: Այս դժվարին օրերին ևս մեզ իր մարդասիրական ձեռքն է ուղղել և ցույց է տվել համերաշխություն և համագործակցություն»,- նկատեց Թուրքիայի ԱԳ նախարարը:
 
Մևլութ Չավուշօղլուն մամուլի ներկայացուցիչների համար հայտարարության ժամանակ անդրադարձավ նաև Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպմանը: Նա նշեց, որ հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող աշխատանքներին:
 
«Հարավային կովկասում շարունակվում է հարաբերությունների նորմալացման գործընթացը: Համոզված ենք, որ այս օրերին տեղի ունեցած համագործակցությունը նպաստելու է այս գործընթացին: Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև նորմալացման գործընթացները, կարծում եմ, նպաստելու են մեր տարածաշրջանում կայունության և բարօրության հաստատմանը:
 
Մեր երեք երկրներն իրենց անկեղծ քայլերով կարող են հարատև կայունություն բերել կովկասյան տարածաշրջանում»,-եզրափակեց Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
 
ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն Անկարայից ուղևորվեց Ադեյաման:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play