ՊՆ նախկին վարչական համալիրի տարածքից շուրջ մեկ տասնյակ մարդ է ձերբակալվել. գնդապետ Գևորգ Ազիզյան


ՊՆ նախկին վարչական համալիրի տարածքից շուրջ մեկ տասնյակ մարդ է ձերբակալվել. գնդապետ Գևորգ Ազիզյան

  • 16-02-2023 18:56:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com  «Ոչ մի միջադեպ չի գրանցվել: Կան մոտ տասնյակ վարչական կարգով ձերբակալվածներ, որոնք բերման են ենթարկվել ոստիկանության օրինական պահանջները չկատարելու համար»:
 
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանը՝ հավելելով, որ իրենք Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին վարչական համալիր չեն ներխուժել, այլ ներխուժումն են վերացրել:
 
«Միանշանակ զգուշացված էր, ողջամիտ ժամկետներ էին տրվել դեռևս օգոստոս ամսին, այնուհետև՝ հունվար ամսին: Հունվարի 31-ին տրվել է տասնօրյա ժամկետ, փետրվարի 12-ին այդ ժամկետը լրացել է: Մինչ այդ էլ բազմիցս զգուշացվել է, որ այդ տարածքում ապօրինի են գտնվում: Զգուշացվել է ՊԵԿ-ի համապատասխան աշխատակիցների կողմից, լիազորված անձանց, ինչպես նաև մեր կողմից: Նախապես՝ գործողությունից առաջ իրազեկել ենք սոցիալական ծառայության աշխատակիցներին, որոնք այս պահին իրականացնում են իրենց գործողությունները»,- նշեց Ազիզյանը: 
 
Դիտարկմանը, թե ուժ է կիրառվել, վերջինս պատասխանեց, որ ներխուժումը վերացնելու գործողությունը ենթադրում է անձին տարածքից հեռացնել, հեռացնելու ընթացքում, բնականաբար, օրենքի շրջանակներում թույլատրելի է ֆիզիկական ուժ գործադրել, եթե ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջները չեն կատարվում. «Ինչ վերաբերում է առավոտյան ժամին, գործողության ժամը մենք ենք պլանավորում: Քանի որ արդեն ունենք սահմանված կարգով դիմում, կատարել ենք դրա համար բոլոր համապատասխան գործողությունները, որ այդ անձինք կամավոր տարածքից դուրս գան, բայց քանի որ դուրս չեն եկել, մենք ներխուժումը վերացրել ենք, որի ընթացքում որևէ արտակարգ միջադեպ տեղի չի ունեցել»:
 
Գնդապետ Ազիզյանը նշեց, որ իրենց գործառույթները իրականացրել են ՊԵԿ-ից ստացած գրությունների համաձայն, իսկ գրություններն ստացել են, երբ որ տվյալ շենք-շինություններն անցել են ՊԵԿ-ի ենթակայության տակ:
 
«ՊԵԿ-ի ենթակայության տակ են անցել անցած տարվա մայիս ամսից, իսկ գործողությունների համար դիմումներն ստացվել են և՛ օգոստոս ամսին, և՛ դեկտեմբերին, և՛ հունվար: Բազմիցս տեղի բնակիչները՝ ապօրինի ներխուժած անձինք, զգուշացվել են, որ իրենք ապօրինաբար են գտնվում տարածքում և պետք է ազատեն այն: Համաձայն կառավարության 797 որոշման՝ շարժական գույքի հետագա տրամադրումը կկազմակերպվի սահմանված կարգով: Եթե իրենց գույքը չտանեն, դրա համար առանձնացված տարածք կտրամադրվի, որտեղ կտեղափոխվի ամբողջ գույքը»,- ասաց նա:
 
Նշենք, որ ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի թիվ 621-Ա որոշմամբ՝ ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի Գևորգ Չաուշի խճուղի թիվ 5 հասցեում գտնվող հողամասը, շենքերը և շինություններն ամրակցվել են Պետական եկամուտների կոմիտեին՝ Երևանի ԱՏԳ կենտրոն կառուցելու նպատակով։ Նշված տարածքում նախաձեռնվել են նախագծման աշխատանքներ՝ հետագայում շինարարությունը սկսելու նպատակով:
 
Նշված շենք-շինություններում եղել են հարևան համայնքի բնակիչներ թե՛ մինչև ՊԵԿ-ին հանձնելը, թե՛ ՊԵԿ-ին հանձնելուց հետո։ Ավելին՝ ՀՀ ոստիկանությունը պարբերաբար աշխատանքներ է իրականացրել՝ ապօրինի զբաղեցված տարածքն ազատելու համար: 2022 թվականի տարեվերջից արդեն նշված տարածքում բնակվողների թիվը կտրուկ ավելացել է, ինչի մասին ՊԵԿ-ն անմիջապես տեղյակ է պահել իրավապահ մարմիններին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play