Հայ փրկարարները Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժի փլատակներից դուրս են բերել 20 մարմին


Հայ փրկարարները Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժի փլատակներից դուրս են բերել 20 մարմին

  • 20-02-2023 13:56:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Սիրիայում Հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմերը իրենց հիմնական աշխատանքներին զուգահեռ տեղի հայ համայնքի համար կազմակերպել և անցկացրել են նաև ուսուցողական դաս` «Ինչպես գործել երկրաշարժի դեպքում» թեմայով։
 
Հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմերը Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո աղետի գոտում փլատակներից դուրս են բերել 20 մարմին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, ՓԾ փոխգնդապետ Գարրի Արմաղանյանը` ներկայացնելով այդ 2 երկրում իրենց առաքելությունն ավարտած փրկարարական ծառայության աշխատակիցների կատարած աշխատանքը։
 
«Ե՛վ Սիրիայում, և՛ Թուրքիայում 10-ական մարդու մարմին է դուրս բերվել փլատակներից։ Շուրջ 1 շաբաթ տևած որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում միջազգային որակավորում ստացած հայկական ՔՈՓ թիմերը` համագործակցելով տեղի և միջազգային այլ թիմերի հետ, փրկարարական տարբեր միջոցների կիրառմամբ Թուրքիայում աղետի գոտուց փլատակներից դուրս են բերել 3 տուժածի»,– նշեց Արմաղանյանը։
 
Նրա խոսքով` Թուրքիայում վիրավորները փլատակներից դուրս են բերվել նույն տարածքից` 8–ամյա մի աղջիկ, հաջորդ օրն էլ՝ 20 և 24 տարեկան աղջիկներ։
 
Հալեպում հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներին զուգահեռ, տեղի հայ համայնքի համար կազմակերպել և անցկացրել են ուսուցողական դաս «Ինչպես գործել երկրաշարժի դեպքում» թեմայով։
 
Արմաղանյանը շեշտեց, որ փետրվարի 20-ի ժամը 08։00-ի տվյալներով Թուրքիայում զոհերի թիվը հասել է շուրջ 41.000–ի, իսկ Սիրիայում` մոտ 8500–ի։ Վիրավորները Թուրքիայում 110.000–ն են, իսկ Սիրիայում` 10.000 մարդ։
 
Նշենք, որ հայ փրկարարնեը Սիրիայից Հայաստան են վերադարձել փետրվարի 14-ին` օդանավով, իսկ փետրվարի 17-ին` Թուրքիայից` ցամաքային ճանապարհով։
 
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play