Ադրբեջանն առանց նախապայմանի պետք է վերականգնի Լաչինի միջանցքի ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳ նախարարն՝ ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը


Ադրբեջանն առանց նախապայմանի պետք է վերականգնի Լաչինի միջանցքի ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳ նախարարն՝ ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը

  • 20-02-2023 19:30:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 20-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
 
Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության հետագա խորացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված օրակարգի առաջմղման համատեքստում ընդգծվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձևաչափի կարևորությունը:
Նախարար Միրզոյանն արժևորել է ԱՄՆ աջակցությունը՝ ուղղված ՀՀ-ում ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և կառավարության ժողովրդավարական բարեփոխումների խթանմանը: 
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: 
 
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, այդ թվում՝ Մյունխենում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: 
Հայկական կողմը բարձր է գնահատել ԱՄՆ ներդրած ջանքերը՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման գործում:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակմանը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմն առանց որևէ նախապայմանների պետք է վերականգնի Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն