Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքներին. Ալեն Սիմոնյան


Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքներին. Ալեն Սիմոնյան

  • 20-03-2023 15:25:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե ՀՀ իշխանությունների խղճին են թողնում ԼՂ ճակատագիրը երրորդ երկրների պատասխանատվությանը թողնելու փորձերը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ափսոսանք է հայտնել, որ Զախարովան անդրադառնում է միայն հայկական կողմի արձագանքներին՝ մոռանալով ադրբեջանականը.
 
«Ռուսական առաջարկները, որ մինչ օրս եղել են, մեր կողմից ընդունվել են, խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձայնության մեջ։ Կարծում եմ՝ ՌԴ ԱԳՆ-ն պետք է ավելի ուշադիր լինի ադրբեջանական կողմի արձագանքին, որովհետև ՀՀ-ն մշտապես՝ 99 տոկոս դեպքերում, ռուսական առաջարկներին իր համաձայնությունը տվել է։
 
Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքին»,- ասել է Սիմոնյանը՝ հիշեցնելով՝ հենց Ադրբեջանն է, որ  մինչև հիմա չի հաստատել ռուս խաղաղապահների մանդատը։ 
 
Ավելի վաղ կառավարության նիստում Փաշինյանը նշել էր ռուս խաղաղապահների վաստակը նրանում, որ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում աղետի չվերածվեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով։ Միաժամանակ նա հավելել էր, որ 2020 թվականին Ռուսաստանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերը։
 
Ի պատասխան՝ Զախարովան հայտարարել էր, թե Ռուսաստանը Հայաստանի ղեկավարության խղճին կթողնի Լեռնային Ղարաբաղի անվտանգության պատասխանատվությունը երրորդ երկրների վրա դնելու փորձերը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play