ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործի նախաքննությունն ավարտվել է. այն ուղարկվել է դատախազություն
08-04-2023 19:18:00 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Շուշիի և «Արեգա» բարձունքների անկման գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է դատախազություն: Այս մասին «Հայկական ժամանակ»ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
«Նախաքննությունն ավարտվել է, գործը տրամադրվել է դատավարության կողմերին ծանոթանալու: Լուծվում է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու հարցը»,- ասաց նա:
Նշենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, որը կալանավորվել է:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն):