Կառավարության որոշմամբ ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը


Կառավարության որոշմամբ ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը

  • 21-04-2023 14:30:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին նախագիծը:
 
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի  համաձայն՝ նախատեսված է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայր: Ակադեմիական քաղաքը պետք է ապահովի ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային, սիներգիական համագործակցության ընդլայնումը՝ ներառելով ժամանակակից վիրտուալ, սոցիալական, ինչպես նաև ֆիզիկական ենթակառուցվածքները։
 
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ակադեմիական քաղաքի միջոցով նաև հասցեագրվելու է ՀՀ կրթության ռազմավարությամբ սահմանված մի շարք կարևորագույն թիրախների ապահովումը, որոնցից են՝ առնվազն 4 բուհ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ ունենալը, օտարերկրյա ուսանողների թվի առնվազն կրկնապատկումը՝ բարձրացնելով բարձրագույն կրթության համակարգի միջազգային հեղինակությունը:
 
«Նախատեսվում է, որ ակադեմիական քաղաքը բաղկացած կլինի երեք կլաստերից, որոնցում համապատասխանաբար տեղակայված կլինեն արվեստների, տեխնոլոգիական ուղղությունների համալսարանները, իսկ երրորդը, որը բավական մեծ է, կարող է ընդգրկել ինչպես կրթական, սպայական ուղղվածությամբ բուհերը, այնպես էլ հյուրընկալել միջպետական և մասնավոր բուհերին»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ համապատասխան քաղաքաշինական լուծումների պարագայում կարող է քննարկվել նաև ազգային մարզադաշտի տեղակայման հարցը: 
 
Ժաննա Անդրեասյանը փաստել է՝ նման մեծածավալ ծրագիրը պահանջում է  կառույցի առկայություն, որը ներգրավված կլինի ծրագրի իրականացման ամբողջ շրջափուլում՝ նախապատրաստումից, նախագծումից մինչև կառուցում,  այնուհետև նաև ակադեմիական քաղաքի կառավարում, քանի որ ստեղծված ենթակառուցվածքները նախատեսելու են վարչարարության և կառավարման մի ամբողջ համակարգ: Հետևաբար, նոր հիմնադրամը կազմակերպելու,  համակարգելու և վերահսկելու է քաղաքի ստեղծման աշխատանքները:
 
Նախարարը տեղեկացրել է, որ նախնական փուլում հիմնադրամին են ամրացվելու ակադեմիական քաղաքի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքները, ապա մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն է ներկայացվելու այն գույքի ցանկը, որը պետք է հատկացվի ակադեմիական քաղաքի համար:  Այնուհետև կլինեն Կառավարության առանձին որոշումներ՝ հիմնադրամին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք տրամադրելու վերաբերյալ: 
 
«Այսպիսով՝ ակադեմիական քաղաքի նախագիծը տեղափոխվում է գործնական փուլ, որին հաջորդելու է հայեցակարգային փուլը: Դրա ընթացքում կվերջնականացվեն ակադեմիական քաղաքում տեղակայվող գիտահետազոտական ինստիտուտների ու բուհերի կառուցվածքը և կառավարման ձևերը: Արդեն կա հայեցակարգի նախագիծ, որը վերջնականացման փուլում է. առաջիկայում դրա շուրջ նախատեսվում է սկսել մեծ քննարկում»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ նախնական հաշվարկներով՝ ակադեմիական քաղաքի տարածքը նախատեսված է շուրջ 44 հազար ուսանողների, դասախոսների և գիտնականների համար:  
 
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ որոշման նախագիծն իր բնույթով նորմատիվ իրավական ակտ չէ և պարտադիր չէր ներկայացնել հանրային քննարկման, սակայն այն տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում, ինչպես նաև կազմակերպվել է հանրային լսում՝ նպատակ ունենալով ապահովել առավել մեծ թափանցիկություն և մասնակցայնություն: 
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով նախագծի իրականացումը, նշել է, որ ակադեմիական քաղաքը տեղակայվելու է Երևանի, Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի հատման միջակայքում:
 
 «Այս նախագծով նոր էջ ենք բացում մեր երկրի պատմության մեջ, որովհետև սա թերևս ամենակարևոր և ռազմավարական ծրագիրն է, որը պետք է իրականացնենք: Այն պետք է լինի թիմային աշխատանքի արդյունք, քանի որ լինելու է ամենամեծ մեգանախագիծը՝ մեր երկրի պատմական մասշտաբների տեսանկյունից: Ակադեմիական քաղաքն իր կոլորիտով և գրավչությամբ պետք է լինի առանձնահատուկ»,- նշել է վարչապետը՝ ընդգծելով, որ ակադեմիական քաղաքում արգելվելու է ավտոտրանսպորտի մուտքը: 
 
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ակադեմիական քաղաքում գործելու է պետական ամբողջական ֆինանսավորմամբ 8 բուհ, որոնք տեղակայված կլինեն երեք կլաստերում: Հայֆիլմի տարածքում կգործեն ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող արվեստների ավագ դպրոցը և արվեստների համալսարանը, որտեղ կմեկտեղվեն արվեստի բոլոր ուղղությունները: Այդտեղ կլինի նաև ունիվերսալ համերգասրահ, որտեղ ուսանողները կանցնեն իրենց պրակտիկան: Երկրորդ կլաստերում կտեղակայվի  սպայական ավագ դպրոցը և համալսարանը, որտեղ սպայական բոլոր մասնագիտությունների ներկայացուցիչները մի տեղում կստանան իրենց նախնական կրթությունը: Երրորդը կլինի տեխնոլոգիական կլաստերը:
 
Նշենք, որ որոշմամբ սահմանվել է, որ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է: ԿԳՄՍ նախարարությունը «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում ՀՀ վարչապետի հաստատմանը պետք է ներկայացնի «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը: 
 
ՀՀ  ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն