Ալեն Սիմոնյանը թույլ է տվել վերականգնել նախորդ օրը տեղի ունեցած միջադեպից հետո դահլիճում չգտնվող ընդդիմադիր պատգամավորների` ելույթ ունենալու հնարավորությունը


Ալեն Սիմոնյանը թույլ է տվել վերականգնել նախորդ օրը տեղի ունեցած միջադեպից հետո դահլիճում չգտնվող ընդդիմադիր պատգամավորների` ելույթ ունենալու հնարավորությունը

  • 21-04-2023 15:41:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Ազգային ժողովն ապրիլի 21-ին շարունակել է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկումը:
 
Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թույլ է տվել վերականգնել նախորդ օրը տեղի ունեցած միջադեպից հետո դահլիճում չգտնվող ընդդիմադիր պատգամավորների` ելույթ ունենալու հնարավորությունը, ինչի համար նրանք գրանցվել էին դեռեւս ապրիլի 20-ին:
 
Առաջարկով հանդես է եկել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, առաջարկը պաշտպանել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Վերջինիս առաջարկով վերականգնվել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ելույթ ունենալու հնարավորությունը:
 
Ընդառաջելով առաջարկին` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործընկերներին հորդորել է զերծ մնալ հայրենակիցներին վիրավորելուց եւ ելույթների մեջ հնարավոր սադրանքներից: «Կարծում եմ, որ մեր հայրենակիցները, որոնք ընտրել են ձեզ, մեզ, չպետք է ականատես լինեն, թե ինչպես են ընդդիմության պատգամավորներն այստեղ քողարկված վիրավորանքներ ասում, սադրում եւ հետագայում «զոհի» կարգավիճակով ներկայանում մամուլի առաջ: Եթե մենք կարողանում ենք ապահովել բովանդակային քննարկում, որը մինչ օրս եղել է, ես կարծում եմ, որ միանշանակ կարելի է վերականգնել ելույթ ունենալու հնարավորությունը»,- ասել է խորհրդարանի ղեկավարը:
 
Առողջ հասարակություն ունենալու հարցում պատգամավորներն իրենց ելույթներում ընդգծել են կրթված հասարակություն ունենալու, ճիշտ արժեհամակարգի կարեւորությունը, անդրադարձել մեծ տարածում գտած ատելության խոսքին ու անհանդուրժողությանը` նշելով դրանց կործանարար ազդեցությունը:
 
Ընդդիմադիր եւ իշխող խմբակցությունների պատգամավորներն անդրադարձել են կրթության հարցերին, սուբվենցիոն ծրագրերի կարեւորությանը, անվտանգային խնդիրներին, ԼՂ հակամարտությանն ու դրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին, խաղաղության պայմանագրին, 44-օրյա պատերազմին, ժողովուրդ-իշխանություն կապի խզմանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի մասնակցությամբ երեկ խորհրդարանական ամբիոնի մոտ տեղի ունեցած միջադեպին, քննարկվող զեկույցին եւ այլ հարցերի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play