Ադրբեջանի ԱԳՆ․ «Հայաստանը Պրահայում և Սոչիում ինքն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»


Ադրբեջանի ԱԳՆ․ «Հայաստանը Պրահայում և Սոչիում ինքն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»

  • 24-04-2023 14:18:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ադրբեջանի արտգործնախարարությունը, կիրակի երեկոյան, հակադարձելով Հայաստանի դիվանագիտական գերատեսչության հայտարարությանը, պնդել է, որ Լաչինում անցակետի տեղադրումը միանգամայն օրինական է։
 
«Հայաստանի հետ սահմանին հսկիչ-անցագրային կետ տեղադրելու Ադրբեջանի որոշումն օրինական է և համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին։ Առավել ևս, որ Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումների ընթացքում Հայաստանն ինքն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - նշված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ։
 
«Ելնելով այդ հանգամանքից, Հայաստանի պետք է հարգի և ընդունի Ադրբեջանի՝ սեփական տարածք ելումուտը վերահսկելու իրավունքը», - հայտարարում է այդ երկրի արտգործնախարարությունը։
 
Ադրբեջանցիները երեկ փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է` ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվում հայտարարել են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել, ինչի մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահների հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին:
 
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ Ադրբեջանի այդ քայլը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկի աղաղակող խախտում է և միտված է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Արցախն ամբողջությամբ հայաթափելու ադրբեջանական քաղաքականության հետևողական իրագործմանը։
 
Պաշտոնական Երևանը Մոսկվային կոչ է արել «ի վերջո կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունը»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն