Իրավունքներիս եւ ազատություններիս անհեթեթ մեղադրանքով սահմանափակված լինելու պայմաններում եւ անձնապես, եւ իրավական առումով բացառում եմ մասնակցությունս ԱԺ ՔՀ աշխատանքներին. Դավիթ Տոնոյան


Իրավունքներիս եւ ազատություններիս անհեթեթ մեղադրանքով սահմանափակված լինելու պայմաններում եւ անձնապես, եւ իրավական առումով բացառում եմ մասնակցությունս ԱԺ ՔՀ աշխատանքներին. Դավիթ Տոնոյան

  • 25-04-2023 10:42:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը.
 
Հաշվի առնելով ԱԺ Քննիչ հանձնաժողովի (ՔՀ) նախագահի հայտարարությունը` հանձնաժողովի աշխատանքին իմ մասնակցության «վերապահման» վերաբերյալ, ինչպես նաեւ լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցադրումները, ներկայացնում եմ մոտեցումներս ՔՀ գործունեության եւ իմ մասնակցության վերաբերյալ: 
 
Իրավունքներիս եւ ազատություններիս անհեթեթ մեղադրանքով սահմանափակված լինելու պայմաններում եւ անձնապես, եւ իրավական առումով բացառում եմ մասնակցությունս ԱԺ ՔՀ աշխատանքներին:
 
Պատճառներից կարեւորագույնն այն է, որ 44-օրյա ռազմական գործողություններին վերաբերող, դրանց նախորդող, ինչպես նաեւ հաջորդող տեղեկատվությունը դասակարգված է, որին չեմ կարող տիրապետել անհիմն և ապօրինի կալանքի պատճառով: 
 
Հանձնաժողովում հարցադրումներին ստույգ եւ լիարժեք փաստերով պատասխանելու համար անհրաժեշտ է լիարժեք տիրապետել նշված տեղեկատվությանը, որն ինձ հասանելի չէ, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 20-ից որևէ առնչություն չունեմ ՊՆ գործունեության հետ, ինչպես նաև շուրջ 1 տարի 7 ամիս մեկուսացված եմ՝ շինծու քրեական գործով։
 
Արգելանք է դրված նաեւ լրատվամիջոցների հետ իմ անմիջական շփման վրա, այդպիսով սահմանափակված է անգամ թույլատրելիության սահմաններում լրագրողների միջոցով հանրության հարցադրումներին արձագանքելու հնարավորությունս:
 
Անկախ փորձագետների եւ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների բացակայությունը ՔՀ նիստերին ոչ միայն հարցեր է առաջացնում վերջինիս աշխատանքի
անկողմնակալության վերաբերյալ, այլեւ պարարտ հող է հանդիսանում քաղաքական շահարկումների, զրպարտանքների եւ դիլետանտական բամբասանքների շարունակության համար:
 
Վերջապես, ՔՀ նախագահող անձը չի կարող անաչառ լինել իր գնահատականներում՝ հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իմ և Զինված ուժերի հասցեին իր կողմից արված անպատասխանատու հայտարարությունները, որոնց մասամբ արձագանքել էր Պաշտպանության նախարարությունը` 2020թ․ նոյեմբերի 17-ին եւ 2020թ․ նոյեմբերի 19-ին։
 
2021 թվականի հունվարին Մեդիամաքսին տված հարցազրույցում թույլատրելիի սահմաններում անդրադարձել եմ 44-օրյա պատերազմին վերաբերող հարցերին։ Ինչպես ասել եմ դեռեւս 2020թ. նոյեմբերի 20-ի իմ ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը: Ուստի առաջարկում եմ իմ եւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանենք հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն