Ավարտվել է Նաիրի Հոխիկյանի կողմից դատավորին վիրավորելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունը. ՔԿ


Ավարտվել է Նաիրի Հոխիկյանի կողմից դատավորին վիրավորելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունը. ՔԿ

  • 25-04-2023 19:29:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Նաիրի Հոխիկյանի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
 
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
 
«Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ քաղաքացիական գործով ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդ. Հովհաննիսյանի կողմից վճիռ կայացնելուց հետո, վերջինիս պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ, «Նաիրի Հոխիկյան» ֆեյսբուքյան էջի գրառումներ բաժնում, 2023թ մարտի 29-ին՝ ժամը 16:50-ին, Նարիրի Հոխիկյան օգտատիրոջ կողմից կատարվել է գրառում, որում, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հիշյալ դատավորի նկատմամբ, վիրավորական արտահայտություն է օգտագործվել դատավորի հասցեին։ Գրառմանը կից առկա են նաև լուսանկարներ։
 
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Նաիրի Հոխիկյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով (Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
 
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից դատական ակտը հրապարակելուց հետո գործով պատասխանող հանդիսացող Նաիրի Հոխիկյանը հանդես էր եկել դատավորի հասցեին զրպարտչական և վիրավորական արտահայտություններ պարունակող գրառմամբ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն