Կներդրվի ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագիր. կնքվել է հուշագիր


Կներդրվի ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագիր. կնքվել է հուշագիր

  • 27-04-2023 10:14:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ստորագրել են Հայաստանում ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագրի իրականացման համաձայնագիր ու ՀՀ ավագ դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր իրականացնելու վերաբերյալ կրթական համագործակցության հուշագիր:
 
Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
 
Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հանդիպումը լավ առիթ է՝ հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերությունները ևս մեկ անգամ ընդգծելու և  համագործակցության լայն շրջանակում մատնանշելու համատեղ անելիքները:
 
«Շատ ուրախ եմ, որ այսօր մեր համագործակցությունն ամրապնդում ենք երկու նոր նախաձեռնությամբ: Կարևորում եմ, որ այս նախաձեռնությունները խթանելու են դպրոցներում ֆրանսերեն խորացված ուսուցումը ու ֆրանկոֆոն լրացուցիչ ծրագրի ներդրումն ու իրականացումը: Ներկայում մենք հանրակրթության ոլորտում իրականացնում ենք մի շարք բարեփոխումներ, և օտար լեզուների իմացության բարելավումը մեր բարեփոխումների առանցքային ուղղություններից է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը  կրթական ծրագրերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Լիահույս եմ՝ այս նոր ծրագրերը կամրապնդեն դպրոցներում ֆրանսերենի իմացությունը, որը ոչ միայն լեզվի իմացություն է, այլև քաղաքակրթական արժեհամակարգ, որը նպաստելու է երկու երկրների միջև հարաբերությունների առավել խորացմանը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը: 
 
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Հայաստանում ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագրի իրականացման ուղղությամբ առկա է բավական մեծ առաջընթաց: Համաձայնագրի ստորագրմամբ հնարավորություն կընձեռվի ֆրանսերեն լեզվի օգնականներ  տրամադրելու ՀՀ այն ուսումնական հաստատություններին, որտեղ դասավանդվում է ֆրանսերեն. «Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ «Ֆրանսերեն» առարկայի հայ դասավանդողներին, ինչպես նաև սովորողներին մշտական շփում ունենալու ֆրանսերենը՝ որպես մայրենի լեզու կրողների հետ և այդպիսով բարելավելու ֆրանսերենի իմացության մակարդակը»:
 
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման խորացման և ներկայացված ծրագրերի ընդլայնման, ինչպես նաև համագործակցության շարունակման նախաձեռնություններին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել նաև ՀՀ դպրոցներում ֆրանսերենի ուսուցման զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր:
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն