Նախատեսվում է կազմավորել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե


Նախատեսվում է կազմավորել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

  • 02-05-2023 20:03:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:
 
 
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
 
Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը միտված է բարձրագույն կրթության ու գիտության ոլորտների բարեփոխմանը և նպատակ ունի լուծել մի շարք խնդիրներ: Դրանցից առաջինը գիտության դաշտում վարվող վիճակագրության և իրականացվող քաղաքականության համապատասխանեցումն է միջազգային չափանիշներին: Այդ նպատակով սահմանվում են մի շարք հասկացություններ:
 
Նրա խոսքով՝ նախատեսվում է կազմավորել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի, Գիտության կոմիտեի և ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության հիմքի վրա:
 
«Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ բարձրագույն կրթությունը չի կարող լինել առանց գիտության, իսկ գիտությունն էլ իր հերթին պետք է անպայման համադրված լինի և կապեր ունենա կրթական ծրագրերի հետ»,- ասել է նախարարը և հավելել, որ կոմիտեի առկայությունը հնարավորություն կտա միասնական քաղաքականության մշակումը և իրացումը դարձնելու իրականություն: Վերակազմավորված կոմիտեն գործելու է ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ:
 
Ժաննա Անդրեասյանը նաև հայտնել է, որ փաթեթում ներառված են երկու դրույթներ, որոնք վերաբերում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գործունեության բարեփոխմանը:
 
ԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանը հետաքրքրվել է, թե կոմիտեի վերակազմավորումից հետո Բարձրագույն որակավորման կոմիտեի և Գիտության կոմիտեի աշխատակիցները շարունակելո՞ւ են աշխատել կառույցում: Նախարարը հայտնել է, որ փաթեթի ընդունումից հետո մշակվելու և ՀՀ կառավարության կողմից հաստատվելու է կոմիտեի կանոնադրությունը, այնուհետև տեղի է ունենալու հաստիքացուցակի ու մնացած մանրամասների հաստատման գործընթաց:
 
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հաշվի է առնվելու աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը և փորձառությունը: Կա նաև սահմանված իրավական գործընթաց, թե ինչպես է դա իրականացվում:
 
«Պետք է հստակեցնեմ, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում ստորաբաժանումները մեխանիկորեն չեն վերացվելու և միավորվելու: Մենք խոսում ենք նոր տիպի գործառույթների, ծրագրերի մշակման և համակարգման, քաղաքականության իրականացման մասին»,- պարզաբանել է ԿԳՄՍ նախարարը:
 
ԱԺ գլխադասային հանձնաժողովը նախագծի վերաբերյալ ներկայացրել է դրական եզրակացություն:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն