Ադրբեջանը փորձում է բանակցություններում իր պայմանները թելադրել Հայաստանին․ Էդմոն Մարուքյան
11-05-2023 11:05:50 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սոթքի ուղղությամբ հերթական սադրանքին։
«Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած սադրանքը ևս մեկ անգամ ապացուցում է հայկական կողմի վրա ուժի և սպառնալիքների միջոցով ճնշում գործադրելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը:
Հայկական դիրքերի և վիրավոր զինվորներին տարհանող շտապօգնության մեքենայի գնդակոծումը վկայում է Ադրբեջանի չտարբերակված գործողությունների և բանակցային գործընթացում հայկական կողմին իր պայմանները թելադրելու փորձի մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Մարուքյանը։
Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 11-ին ժամը 06:00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացում Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը հաղորդել է երեք վիրավորի մասին։