Ստեփանակերտը տարակուսանք է հայտնում Ալիևի հայտարարության վերաբերյալ Միլլերի արձագանքի կապակցությամբ


Ստեփանակերտը տարակուսանք է հայտնում Ալիևի հայտարարության վերաբերյալ Միլլերի արձագանքի կապակցությամբ

  • 01-06-2023 10:45:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Պաշտոնական Ստեփանակերտը խորը հիասթափություն և տարակուսանք է հայտնում ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարության կապակցությամբ, որում Միլլերը ողջունել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակիչների, այսպես կոչված, համաներման հարցը դիտարկելու պատրաստակամության մասին Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ին արված հայտարարությունները։
 
Արցախի ատգործնախարարությունն անբացատրելի է համարում, թե «ինչպես կարելի է ամբողջությամբ բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ադրբեջանի նախագահի այդ հայտարարության մեջ խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել»։
 
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարության հիմնական ուղերձը կայանում էր նրանում, որ Ադրբեջանը հրաժարվում է Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ հավասար երկխոսությունից և առաջնորդվում է միայն իր իշխանությունն Արցախի ժողովրդին ուժով պարտադրելու ցանկությամբ», - ասված է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։
 
Կասկածի տակ չդնելով դրական ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար, հավասարակշռված ու արժանապատիվ կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գործում դրական դեր խաղալու ԱՄՆ-ը ցանկությունը՝ միևնույն ժամանակ Ստեփանակերտը գտնում է, որ Բաքվի ապակառուցողական և ռազմատենչ քաղաքականության խրախուսումը հակասում է հակամարտության խաղաղ կարգավորման հարցում դրական փոփոխությունների հասնելու ցանկությանը։
 
Երևանը ևս երեկ կոչ էր արել Վաշինգտոնին համարժեք արձագանքել հայտարարություններին։
 
Մոսկովյան բանակցություններից մի քանի օր անց Ադրբեջանի նախագահը Լաչին կատարած այցի ընթացքում սպառնալից հայտարարություններ արեց. մասնավորապես, պնդեց, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց բացի, Հայաստանը պետք է կատարի իրենց մի քանի այլ նախապայմաններ, այդ թվում՝ երկրների միջև սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի պայմանների հիման վրա»։ Հայաստանը «չպետք է մոռանա, որ Լաչինից երևում են Հայաստանի գյուղերը»։
 
Դիմելով արցախահայերին՝ ադրբեջանական պետության ղեկավարը պնդեց. - «Ձեր գիրքը փակված է: «Միացում» գիրքը փակված է, եկել է անջատողականության վերջը: Անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը: Իսկ կարգավիճակը մենք դեռ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ուղարկեցինք ուր պետք է»: Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ «աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին», - հայտարարել է Ալիևը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play