Տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետևանքն է. Արարատ Միրզոյանը՝ Ռոթին


Տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետևանքն է. Արարատ Միրզոյանը՝ Ռոթին

  • 07-06-2023 19:25:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հունիսի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին:
 
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
 
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության դրական դինամիկան, այդ թվում նաև՝ խորհրդարանական ձևաչափով, և պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ ջանքերը տարբեր հարթակներում փոխգործակցության հետագա խորացման ուղղությամբ։ Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԵՄ ընդլայնվող գործընկերության օրակարգին առնչվող հարցերի շուրջ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա խնդիրներ, որոնք հետևանք են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության: Ընդգծելով դրանց հանգուցալուծման հարցում հայկական կողմի հանձնառությունը՝ նախարար Միրզոյանը շեշտել է այդ մոտեցումն Ադրբեջանի կողմից փոխադարձելու և սեփական հանձնառությունները կատարելու հրամայականը:
 
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այս համատեքստում շահագրգիռ միջազգային գործընկերների կողմից այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է գործընթացում առանցքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
 
Ի թիվս այլ հարցերի, երկարատև կարգավորման համատեքստում երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play