ՀՀ-ի և Ադրբեջանի բանակցությունները տեղափոխվել են ժամանակացույցի խնդրի պատճառով. ԱՄՆ պետդեպ


ՀՀ-ի և Ադրբեջանի բանակցությունները տեղափոխվել են ժամանակացույցի խնդրի պատճառով. ԱՄՆ պետդեպ

  • 14-06-2023 10:48:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ամերիկացի դիվանագետը նշել է, որ Վաշինգտոնում անհամբերությամբ սպասում են ուղիղ երկխոսության շարունակությանը, քանի որ դա բանալի է սրվող հարցերի լուծման համար։
 
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների հերթական փուլը, որը պլանավորվում էր անցկացնել հունիսի 12–ին Վաշինգտոնում, հետաձգվել է ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
 
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հունիսի 12-ին Վաշինգտոնում սպասվող քննարկումների հերթական փուլը հետաձգվել է Բաքվի խնդրանքով։
 
«Ցավոք սրտի, այդ հանդիպումը չկայացավ 100 տոկոսով ժամանակացույցի խնդրի պատճառով, և մենք անհամբերությամբ սպասում ենք, որպեսզի անցկացնենք այն, հենց ստացվի»,– ասել է Միլլերը։
 
Ինչպես ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը նշել է, կողմերը շարունակում են խաղաղ երկխոսություն վարել։ Վաշինգտոնը նախկինի պես կարծում է, որ ուղիղ երկխոսությունը մնացած հարցերի լուծման բանալին է։
 
«Մենք կարծում ենք, որ համաձայնագրի ստորագրումը տեսանելի է»,– հայտարարել է Միլլերը։
 
Վաշինգտոնում նախորդ բանակցությունները 4 օր են տևել` մայիսի 1-4-ը։ ԱԳ նախարարները երկու անգամ հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Բանակցություններից հետո Բլինկենը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության պայմանագրի կնքման առումով զգալի առաջընթաց են արձանագրել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play