Այսօր Երասխ է մեկնել ԵՄ առաքելություն, հարցը, անշուշտ, կպահենք նրանց ուշադրության կենտրոնում. Արարատ Միրզոյան


Այսօր Երասխ է մեկնել ԵՄ առաքելություն, հարցը, անշուշտ, կպահենք նրանց ուշադրության կենտրոնում. Արարատ Միրզոյան

  • 14-06-2023 18:50:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, հարցրեց.
 
«Խաղաղության բանակցություններում անընդհատ առաջընթացի մասին ենք խոսում, բայց զուգահեռ տեղի են ունենում գործընթացներ, որ որևէ բացատրություն չունեն հասարակության համար, թե խաղաղության գնալիս ինչո՞ւ պետք է Երասխում Ադրբեջանը կրակի հայկական դիրքերի ուղղությամբ»: 
 
Պատասխանելով հարցին՝ Արարատ Միրզոյանը նկատեց. «Գաղտնիք չէ, որ ոչ միայն խաղաղության պայմանագրի բանակցությունների, այլ բոլոր հնարավոր ուղղություններով ընթացող բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել բանակցությունների ընթացքը և ՀՀ-ին պարտադրել այն լուծումները, որ իր համար են ցանկալի: Սա առաջին դրսևորումը չԷ, վստահ եմ նաև՝ վերջին դրսևորումը չԷ: Այլ հարց է, որ այսպիսի վարքագծի նկատմամբ և՛ մենք՝ ՀՀ-ն, և՛ միջազգային հանրությունը պետք է շատ կտրուկ դիրքավորվի, կա՛մ մենք բանակցում ենք՝ բարի կամքով գտնելու փոխադարձ ընդունելի լուծումներ, կա՛մ եթե ուժի գործադրմամբ է, ապա այսպիսի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է, հուսով ենք՝ նաև միջազգային հանրության համար»:
 
Միրզոյանը նաև նկատեց՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է մնան անխախտելի, ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, և միջազգային հանրությունն էլ, իհարկե, այս հարցում պետք է դերակատարում ունենա:
 
Անդրադառնալով Երասխի դեպքերին՝ ԱԳ նախարարը նշեց. «Այստեղ մի նոր նրբերանգ էլ կա. նախապես հայտարարվել էր, որ այնտեղ մետալուրգիական գործարան է կառուցվում, և, նախնական գնահատականներով, այս գործարանը գործունեության ընթացքում էականորեն նպաստելու է ՀՀ տնտեսական զարգացմանը: Իհարկե, Ադրբեջանը նախ հանդես եկավ շինծու բնապահպանական մեղադրանքներով, որից հետո հնչեց հայկական հերքումը, և հայկական կողմի դիրքորոշման հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը փորձում է ուժի լեզվով խափանել այս ծրագիրը, որը կարող է նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը»: 
 
Արձագանքելով՝ Բագրատյանը նշեց, որ տարբեր ձևաչափերով եռակողմ հանդիպումները բերել էր այն համոզմանը, որ մենք այլևս չպետք է գնանք ուժի կիրառման ճանապարհով. «Ինչո՞ւ այդ ճանապարհը ընդունելի չէ Ադրբեջանի իշխանությունների կողմից»: 
 
Արարատ Միրզոյանն էլ հիշեցրեց, որ բազմիցս Ադրբեջանի ղեկավարությունը այլ դերակատարների ներկայությամբ ստանձնել է հավելյալ պարտավորություն՝ չդիմել ուժի կիրառման:
 
«Ադրբեջանն այս գործելաոճն ունի, որը մեզ համար անընդունելի է ու պետք է անընդունելի լինի նաև միջազգային հանրության համար: Ուշագրավ եմ համարում, որ այսօր այդ վայր՝ Երասխի այդ հատված, մեկնել է ԵՄ առաքելությունը, վաղը այնտեղ ներկա կգտնվեն միջազգային դիվանագիտական ներկայացուցիչներ, և հարցը, անշուշտ, կպահենք նրանց ուշադրության կենտրոնում»,- ընդգծեց ԱԳ նախարարը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play