Մոսկվան ապաշրջափակման թեմայով գրեթե ամեն օր շփվում է Երևանի և Բաքվի հետ. Օվերչուկ


Մոսկվան ապաշրջափակման թեմայով գրեթե ամեն օր շփվում է Երևանի և Բաքվի հետ. Օվերչուկ

  • 16-06-2023 11:24:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՌԴ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատանքը հանդիպումից հանդիպում չէ։
 
Մոսկվան գրեթե ամեն օր շփվում է Երևանի և Բաքվի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապի ապաշրջափակման թեմայով։ Պետերբուրգի միջազգային տնտեսագիտական համաժողովի շրջանակում ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
 
«Ռուսաստանը մասնակցում է բանակցություններին, լուծումներ առաջարկում, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների միջև կապ և երկխոսության հարթակ ապահովում։ Ես երբեք չեմ պատասխանում այն հարցին, թե կոնկրետ երբ է տեղի ունենալու ապաշրջափակումը և որքան արագ կամ դանդաղ։ Երբ կողմերը պայմանավորվեն, այն ժամանակ էլ կլինի», – ասել է նա։
 
Օվերչուկը հայտնել է նաև, որ համաժողովի շրջանակում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի հետ քննարկել է հարցեր, որոնք դեռ չեն լուծվել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ մոսկովյան հանդիպումից հետո։
 
«Մենք մշտապես կապի մեջ ենք` հեռախոսազանգեր, ֆայլերի փոխանակում։ Աշխատանքը միայն հանդիպումից հանդիպում չէ», – ասել է նա` պատասխանելով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ժամկետների մասին հարցին։
 
Հունիսի 2-ին Մոսկվայի, Բաքվի և Երևանի աշխատանքային խմբերի նիստից հետո Օվերչուկն ասել էր, որ զգալի առաջընթաց կա Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին երկխոսության հարցում։
 
Հիշեցնենք` հունիսի 2-ին Մոսկվայում անցկացվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը:
 
Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play