Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը հենց ադրբեջանական կողմին է վնաս տալիս, դա ինքնախաբեություն է. ՀՀ ԱԺ նախագահ


Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը հենց ադրբեջանական կողմին է վնաս տալիս, դա ինքնախաբեություն է. ՀՀ ԱԺ նախագահ

  • 26-06-2023 13:24:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցը կարևոր է, որովհետև այդ հարցը չի կարող ուղղակի մոռացության մատնվել, հակառակ դեպքում խնդիրը լուծում չի ստանալու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, որ  Ադրբեջանը մերժում է Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրել։
 
«Կարծում եմ, որ այդ հայտարարությունը հենց ադրբեջանական կողմին է վնաս տալիս։ Նման իրողությունների դեպքում խնդիրը լուծում չի ստանա։ Դա իրականությունից փախչել է, իրենց ձեռք չի տալիս, որ այդ հարցերը չքննարկվի։ Վստահ եմ, որ ինչ-որ փուլի դրան կգան։ Նույնիսկ հիմա, կարծում եմ, որ դա ուղղակի բանակցություններից առաջ բարձր սանդղակ դնելու և բանակցությունների ժամանակ օգտագործելու համար է արվում։ Իմ տպավորությունն այդպիսին է»,- ասաց Սիմոնյանը։
 
Ճշգրտող հարցին, թե ի վերջո Ադրբեջանը համաձայնելո՞ւ է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․
 
«Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցը կարևոր է, որովհետև այդ հարցը չի կարող ուղղակի մոռացության մատնվել։ Դա ինքնախաբեություն է։ Եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ ինքնախաբեությամբ զբաղվել։ Այն, ինչը որ մենք հայտարարել ենք, հետամուտենք լինելու այդ հայտարարությանը»,-եզրափակեց Սիմոնյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը