Ադրբեջանի դեսպանը դիպուկահարներով է սպառնում ԵՄ առաքելության դիտորդներին․ Լուազո


Ադրբեջանի դեսպանը դիպուկահարներով է սպառնում ԵՄ առաքելության դիտորդներին․ Լուազո

  • 28-06-2023 14:21:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն արձագանքել է Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան, Եվրամիությունում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Վագիֆ Սադիկովի թվիթերյան գրառմանը: Դեսպանին դուր չի եկել ԵՄ առաքելության դիտորդների ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանին և իր միկրոբլոգում նա ԵՄ ներկայացուցիչներին դիպուկահարներով է սպառնացել:
 
«Նրանք գիտեն՝ ինչ անել իրենց պաշտպանելու համար։ Ադրբեջանական արտադրության Istigal IST-14.5 դիպուկահար հրացանը մոտ 3000 մետր հեռահարությամբ է կրակում։ Տղանե՛ր, հեռու մնացեք Ադրբեջանի պետական սահմանից․․․»,- գրել է ադրբեջանցի դեսպանը և տեղադրել դիպուկահար հրացանի լուսանկարը։
 
Լուազոն այդ գրառումը որպես անմիջական սպառնալիք է որակել եվրոպացի դիտորդներին, որոնք պարեկություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին: Թվիթերի իր միկրոբլոգում նա գրել է.
 
«Արդյոք սա սպառնալի՞ք է Եվրախորհրդարանի պատգամավորներին։ Դա իսկապե՞ս ադրբեջանցի «դիվանագետն» է ասում։
 
Ի՞նչ մակարդակի է հասել ադրբեջանական դիվանագիտությունը։ Միջազգային դատարանի որոշման նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելն ու 120.000 մարդու պատանդ վերցնելը հպարտանալու բան չեն։ Դա է պատճառը, որ ձեր նյարդերը տեղի են տալիս: Մեզ՝ հզոր արժեքներ ունեցող եվրոպացիների վրա դա տպավորություն չի թողնում։ Մենք շարունակելու ենք սատարել խաղաղությունն ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ հարգանքը»։
 
Հայաստան կատարած այցի ընթացքում Լուազոն հանդիպել է նաև դեպի Լաչինի միջանցքի մուտքը պարեկություն իրականացնող ԵՄ ներկայացուցիչների հետ, որից հետո հաստատել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական և ապօրինի արգելափակումը։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը