Անդերս Ֆոգ Ռասմուսեն. «Չի լինի կայուն խաղաղություն, քանի դեռ Ուկրաինան չի միանում եվրատլանտյան կառույցներին»


Անդերս Ֆոգ Ռասմուսեն. «Չի լինի կայուն խաղաղություն, քանի դեռ Ուկրաինան չի միանում եվրատլանտյան կառույցներին»

  • 03-07-2023 15:59:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Եվրոպայում խաղաղություն չի լինի, քանի դեռ Ուկրաինան չի միացել եվրալտանտյան անվտանգության կառույցներին: Այդ մասին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է The Times բրիտանական օրաթերթին տված հարցազրույցում, որն այսօր է հրապարակվել:
 
«Ուկրաինացի զինծառայողները կարող են լինել Եվրոպայում ամենամարտունակ բանակը: Նրանք համապատասխանում են ՆԱՏՕ-ին անդամակցելու բոլոր պահանջներին: Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է»,- ասել է դանիացի քաղաքական գործիչը:
 
Նրա համոզմամբ, նպատակահարմար կլինի, որ ՆԱՏՕ-ն արագացված կարգով՝ առանց Անդամակցման գործողությունների ծրագրի, իր կազմ ընդունի Ուկրաինան:
 
«Քանի դեռ նրանք [ուկրաինացիները] չեն կարող մտնել ՆԱՏՕ, նրանց անվտանգության երաշխիքներ են պետք: Այդպես նրանք հանդես կգան որպես պատվար Ռուսաստանի դեմ, որը շարունակում է ագրեսիվ գործել: Չեմ կարծում, թե կկարողանանք հասնել կայուն խաղաղության, քանի դեռ Ուկրաինան չի ներառվում եվրատլանտյան կառույցներում։ Դա կարող եք «զսպման» քաղաքականություն անվանել», - ասել է Անդերրս Ֆոգ Ռասմուսենը:
 
Նրա համոզմամբ, չի կարելի կրկնել 2008 թվականի սխալը, սահմանափակվել դատարկ խոստումներով և ձգձգել Ուկրաինայի անդամակցումը:
 
«Ուկրաինան 15 տարի սպասասրահում էր, և մենք համոզվեցինք, որ դա վտանգավոր բան է: Ես շատ եմ լսել, թե ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու հեռանկարն է Վլադիմիր Պուտինին դրդել Ուկրաինայի վրա հարձակվելուն: Ես հակառակն եմ պնդում՝ Ուկրաինան ընդունելու մեր ձախողումն է Պուտինին համոզել, որ կարող է հարձակվել»,- ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը:
 
Անդերս Ֆոգ Ռասմուսենի համոզմամբ, նրանք, ովքեր պնդում են, որ Ուկրաինային չի կարելի տալ անդամի կարգավիճակ կամ անվտանգության երաշխիքներ, քանի դեռ պատերազմը չի ավարտվել, գործնականում խթանում են այս պատերազմը շարունակելու Պուտինի ցանկությունը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը