Ստիպված եմ կրկնել՝ ՀՀ-ն ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել. վարչապետ (տեսանյութ)


Ստիպված եմ կրկնել՝ ՀՀ-ն ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել. վարչապետ (տեսանյութ)

  • 06-07-2023 13:00:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Հայկական ժամանակ. «Ադրբեջանը Հայաստանին շարունակում է մեղադրել իր տարածքով տրանսպորտային կապի ապահովման պարտավորությունները չկատարելու մեջ միջանցքային ինչ-որ երկիմաստ մեկնաբանություններով։ Ստիպված եմ կրկնել, որ Հայաստանը ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել և նման որևէ մեկնաբանություն երբևէ չի ընդունի»։
 
Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Ըստ նրա՝ այն, որ Հայաստանը երբևէ որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել, կարող է տեսնել յուրաքանչյուր ոք՝ կարդալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաներին, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո ապաշրջափակմանը, ըստ Փաշինյանի, Հայաստանը բազմիցս հայտարարել է, հայտարարում է, որ պատրաստ է դրան։
 
«Արդեն վաղուց ՀՀ կառավարության որոշման նախագիծ է դրված պաշտոնական շրջանառության, որով նախատեսվում է թվով երեք հսկիչ անցակետերի հիմնադրումը Հայաստան-Ադրբեջան սահմանին Հայաստանի կողմից։ Այդ որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դեստրուկտիվ մոտեցման պատճառով, որը նմանատիպ գործընթաց չի նախաձեռնել և չի ցանկանում ճանապարհ տրամադրել Հայաստանից։ Տրամաբանությունն այն է, որ նույն որոշումը պետք է Ադրբեջանի կողմից կայացվի, որպեսզի և՛ Հայաստանի կողմից, և՛ Ադրբեջանի կողմից լինեն այդ անցագրային կետերը, որպեսզի տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները ապաշրջափակվեն։ Ադրբեջանի մոտեցումն այդպիսին է, որովհետև նա չի հրաժարվել Հայաստանին շրջափակման ենթարկելու՝ իր 30-ամյա քաղաքականությունից»,- ասաց նա։
 
Կառավարության ղեկավարը անդրադարձավ նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի մեղադրանքներին․ «Ադրբեջանը Հայաստանին շարունակում է մեղադրել ականապատման հարցերով․ նախ՝ Արդարադատության միջազգային դատարանը սույն թվականի փետրվարի 22-ի որոշմամբ հերքեց ականապատման հարցերով Հայաստանին ուղղված մեղադրանքները, և հետո, հարաբերությունների կարգավորման հարցում իր անկեղծությունն ու վճռականությունը ցույց տալու համար ՀՀ-ն նախորդ տարիներին Ադրբեջանին փոխանցեց վերջինիս վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների ականադաշտների քարտեզներ, որոնց օգնությամբ այսօր Ադրբեջանում իրականացվում են ականազերծման լայնածավալ աշխատանքներ: Ադրբեջանը սրան ի պատասխան ոչ մի համարժեք քայլ չարեց, մինչև օրս շարունակում է ապօրինի կերպով պահել հայ ռազմագերիներին և նրանց օգտագործել որպես քաղաքական սակարկման գործոն»:
 
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որքան էլ այսօրվա իրերի դրությունը դժվար է քաղաքական, բարոյական, անվտանգային, էմոցիոնալ առումով, խաղաղության օրակարգի իրացումը այլընտրանք չունի. «ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի»։
 
Ըստ վարչապետի՝ Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Ադրբեջան-Հայաստան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի կա․ «Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում էի իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ։ Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման։ Հույս ունեմ՝ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը, բոլոր հարցերը պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը