Դուք համոզվա՞ծ եք, որ ԼՂ գազի մատակարարումը կայուն է. Լուազոյի կոշտ արձագանքը՝ Տոյվո Կլաարին


Դուք համոզվա՞ծ եք, որ ԼՂ գազի մատակարարումը կայուն է. Լուազոյի կոշտ արձագանքը՝ Տոյվո Կլաարին

  • 10-07-2023 11:49:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Եվրախորհրդարանի՝ Ֆրանսիայից ընտրված անդամ Նատալի Լուազոն կտրուկ և կոպիտ պատասխան է տվել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ երեկ կեսօրին արված գրառմանը, որում նա նշել էր, թե «հաճելի էր առավոտյան կարդալ, որ դեպի Խանքենդի/Ստեփանակերտ գազամատակարարումը վերսկսվել է»։
 
«Դուք համոզվա՞ծ եք, Տոյվո Կլաար։ Դուք համոզվա՞ծ եք, որ Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարումը կայուն է և դեռ շարունակվում է։
 
Արդյո՞ք,«հաճելի է» կարդալը, երբ մինչև հիմա պահպանվում է Լաչինի միջանցքի շրջափակումը։ Արժե՞ր, արդյոք, օգտագործել Խանքենդի անվանումը և օգտագործել այն Ստեփանակերտից առաջ։ Եվրոպական խորհրդարանը ցանկանում է, որ դուք գործեք և ոչ թե նորություններ կարդաք և ցանկանում է, որ պաշտպանեք շրջափակման մեջ հայտնված խաղաղ բնակիչներին, և ոչ թե գործեք հաճույք պատճառելով նրան, ով կրում է այս սարսափելի իրավիճակի պատասխանատվությունը»,- նշել է Լուազոն։ 
 
Հավելենք, որ ավելի ուշ Կլաարը, հավանաբար չկարողանալով չարձագանքել Լուազոյին, մեկ այլ գրառում էր արել՝ խոսելով «Բաքու-Ստեփանակերտ/Խանքենդի իրական երկխոսության» և Լեռնային Ղարաբաղում էներգակիրների աշխատանքի հերթական խափանման, գազանջատման մասին:
 
Ի դեպ, երկրորդ գրառման մեջ նա «Խանքենդի» ադրբեջանական բառն օգտագործել էր «Ստեփանակերտ» բառից հետո, ոչ թե առաջ՝ ինչպես նախորդ գրառման մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը