Դեղատներում հայտնաբերվել է ՀՀ-ում չգրանցված, անօրինական ներկրված դեղորայք. անվտանգության նոր կարգավորում է առաջարկվում


Դեղատներում հայտնաբերվել է ՀՀ-ում չգրանցված, անօրինական ներկրված դեղորայք. անվտանգության նոր կարգավորում է առաջարկվում

  • 11-07-2023 19:04:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Արփինե Դավոյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
 
Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
 
Առաջարկվող նախագծով Հայաստանում որոշակիորեն կբարելավվի դեղերի շուկայի գործունեությունը, ինչը դեղերի որակի բարձրացմանն ուղղված քայլ է: Այս մասին ասել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Փոփոխության անհրաժեշտությունը ծագել է այն հանգամանքից հետո, երբ Տեսչական մարմինը դեղատներում հայտնաբերել է դրոշմապիտակավորված, սակայն ՀՀ-ում չգրանցված, անօրինական ներկրված դեղորայք:
 
Առաջարկվող կարգավորումներով ներմուծվող դեղամիջոցը կօտարվի ներմուծման հավաստագրի (համապատասխանության) նմուշառման եւ փորձագիտական դրական եզրակացություն ստանալուց հետո` նպաստելով ՀՀ-ում շրջանառվող դեղերի անվտանգության բարձրացմանը:
 
Հանձնաժողովի նախագահի խոսքով ՊԵԿ-ը հնարավորություն չունի ստուգելու ներկրման հավաստագրի փաստը, առկայությունն ու իսկությունը:
 
«Նախատեսվում է ինտեգրել Առողջապահության նախարարության եւ ՊԵԿ-ի համապատասխան համակարգերը, որպեսզի ՊԵԿ-ը կարողանա ստուգել ներկրման հավաստագրի առկայությունը եւ հավաստիանալ, որ նախարարությունն իսկապես թույլատրել է ապրանքատեսակի ներկրումը Հայաստան, որից հետո կտրամադրվեն համապատասխան դրոշմապիտակներ:
 
Դրոշմապիտակի մերժման հիմքերում ավելացվել է այդ հավաստագրի բացակայությունը: Դրոշմապիտակավորման ենթակա ապրանքների ցանկում ավելացվել է երկու ծածկագրով դեղորայք եւ դեղանյութ, որոնք բացակայում էին ցանկից»,- մանրամասնել է Նարեկ Զեյնալյանը:
 
Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվել է` արդյո՞ք ժամկետ ֆիքսված է նմուշառության, ԱՆ պատասխանի եւ ՊԵԿ-ի` դրոշմապիտակ տրամադրելու համար: Նարեկ Զեյնալյանը նշել է, որ դրոշմապիտակ տրամադրելու համար սահմանվել է եռօրյա ժամկետ` շեշտելով, որ սահմանվել են ողջամիտ ժամկետներ: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ ներկրման հավաստագիր ստանալու համար ԱՆ դիմելու եւ ՊԵԿ-ից դրոշմապիտակ ստանալու հայտը լրացնելիս պարտադիր նշվելու է դեղի պիտանելիության ժամկետը:
 
Հարակից զեկուցող, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ նախագիծը քննարկվել է Կառավարության, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչության համապատասխան մասնագետների, դեղերի մանրածախ եւ մեծածախ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների, ինչպես նաեւ դեղագործական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով Առողջապահության նախարարությունը 7-օրյա ժամկետում պետք է տրամադրի ներմուծման հավաստագիր:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը