Լուիս Բոնոն այս շաբաթ կայցելի տարածաշրջան


Լուիս Բոնոն այս շաբաթ կայցելի տարածաշրջան

  • 01-08-2023 12:17:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Այս շաբաթ տարածաշրջան կայցելի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել են ԱՄՆ դեսպանությունից՝ հավելելով, որ դիվանագետը Երևանում կքննարկի ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու լավագույն ուղին։
 
«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են Ստեփանակերտից ստացվող տեղեկությունները, թե այս շաբաթ արևմտյան միջնորդներ են ժամանելու Երևան՝ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպման հարցերը քննարկելու համար։
 
Ամերիկյան միջնորդությամբ այսօր Բրաստիսլավայում նախատեսված, բայց չեղարկված Բաքու-Ստեփանակերտ հանդիպման մասին հարցին դեսպանատնից ուղիղ չեն արձագանքել, միայն նշել են. - «Միացյալ Նահանգները հետևողականորեն փաստել է, որ խաղաղության հաստատումը տարածաշրջանում պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը։ Մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովրդին»։
 
Երեկ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանն էր հայտնել, թե Ադրբեջանը չեղարկել է օգոստոսի 1-ին Բրատիսլավայում Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը։ Արցախի պաշտոնական աղբյուրները ոչ հերքել, ոչ հաստատել էին այս տեղեկությունը։
 
Լուիս Բոնոն տարածաշրջանում էր նաև մայիսին։ Բաքվում և Երևանում նա քննարկել էր հայ-ադրբեջանական կարգավորման հարցեր։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը