«Մայր Հայաստան» դաշինքը մեկնարկեց քարոզարշավը Հաղթանակի զբոսայգուց՝ «Միացիր, որ փոխենք» կարգախոսով


«Մայր Հայաստան» դաշինքը մեկնարկեց քարոզարշավը Հաղթանակի զբոսայգուց՝ «Միացիր, որ փոխենք» կարգախոսով

  • 23-08-2023 13:30:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Մայր Հայաստան» դաշինքը քարոզարշավը խորհրդանշորեն մեկնարկեց Հաղթանակի զբոսայգուց՝ Մայր Հայաստանի արձանի մոտից։ 
 
Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ընդգծեց ամբողջական իշխանափոխության մեկնարկը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը տալու հանգամանքը, քանի որ, նրա համոզմամբ, գործող իշխանությունները պղծել են երկրի անկախությունը։  
 
«Բոլորս միասին սկսում ենք պայքարը։ Ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին առաջնորդվել «Ո՞վ, եթե ոչ ես, ե՞րբ, եթե ոչ հիմա» կարգախոսով, միանալ մեր պայքարին»,-ուղիղ միացմամբ հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։ 
 
Դաշինքի թիմը երթով անցավ Երևանի փողոցներով, անձնապես շփվեց քաղաքացիների հետ։
 
«Միացիր, որ փոխենք»,-վանկարկում էին դաշինքի անդամները։ 
 
«Ընտրությունը հստակ է,-ասաց Անդրանիկ Թևանյանը,-մի կողմում այն իշխանությունն է, որն ապօրինի է զբաղեցենում պաշտոնը, քանի որ խախտել է Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը և իր իսկ նախընտրական ծրագիրը, այսինքն խաբել է իր ընտրողներին ու իրականացնում է Երևանը Էրիվան դարձնելու քաղաքականություն, մյուս կողմում՝ «Մայր Հայաստան» դաշինքը, որը ճիշտ հակառակ բևեռում է»։ 
 
«Մենք գտնում ենք, որ ամբողջական իշխանափոխությամբ հնարավոր կլինի ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, հնարավոր կլինի Երևանը Երևան պահել։ Այս առումով կոչ ենք անում մեր քաղաքացիներին միանալ մեր ծրագրերին և թույլ չտալ, որ Երևանը դառնա Էրիվան»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։
 
Նշենք, որ քարոզարշավի այսօրվա հիմնական միջոցառումը կանցկացվի երեկոյան 19։00-ին՝ Շառլ Ազնավուրի հրապարակում, «Մոսկվա» կինոթատրոնի բակում։ Ավարտին կհնչի Անդրանիկ Թևանյանի հեղինակած երգը։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play