«Տարբեր կողմերից պայթյունի ձայներ եմ լսում, ուժեղ հրետանի է աշխատում, մարդիկ նկուղներ են իջել»․ արցախցի լրագրող


«Տարբեր կողմերից պայթյունի ձայներ եմ լսում, ուժեղ հրետանի է աշխատում, մարդիկ նկուղներ են իջել»․ արցախցի լրագրող

  • 19-09-2023 13:50:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանը կեղծ ահաբեկչական մեղադրանքը հնչեցնելով Արցախի հասցեին, այս պահին տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացել, Ֆեյսբուքում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
 
Ըստ Աբրահամյանի՝ առաջնահերթ թիրախներ են ընտրվել, որոնք այս պահին կրակի տակ են:
 
«Այս պահին հստակ չի, թե քաղաքացիական օբյեկտները ևս թիրախավորվում ե՞ն, թե՞ ոչ, բայց հարվածները շարունակվում են», - գրել է ընդդիմադիր պատգամավորը:
 
Կրակոցների մասին «Ազատությանը» փոխանցեց նաև արցախցի անկախ լրագրող Մարութ Վանյանը։
 
«Այս պահիմ պայթյունի ձայներ են Ստեփանակերտում լսվում, երեխեքը, ծնողները․․․ ճիչերով րոպե առաջ իջել ենք, նկուղում ենք։ Շուշիի կողմից, իմ պատշգամբից տարբեր կողմերից պայթյունի ձայներ եմ լսում, առաջին պայթյունների ձայները շատ մոտիկից էին լսվում, ձայները չեն դադարում։ Ուժեղ հրետանի է աշխատում, անդադար կրակոցներ են», - ասաց Վանյանը՝ նշելով, որ Ստեփանակերտում օդային տագնապ է միացել։
 
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտարարել է, որ Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություններ» է սկսկում, այդ թվում՝ «վերականգնելու Ադրբեջանի հանրապետության սահմանադրական կարգը»։
 
«Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում լայնածավալ սադրանքները ճնշելու, հայկական զինված ուժերի զինաթափումն ու մեր տարածքներից դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքները չեզոքացնելու, օկուպացիայից ազատագրված տարածքներ վերադարձող քաղաքացիական բնակչության, շինարարական վերականգնողական աշխատանքներում ներգրավված քաղաքացիական ծառայողների և մեր զինվորականների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև Ադրբեջանի հանրապետության սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով, տարածաշրջանում սկսվել են տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ»,- ասված է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունում։
 
Բաքուն նշում է, որ ադրբեջանական կողմը իր գործողությունների մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը։
 
Ռուզաննա Ստեփանյան
 
Լուսինե Մուսայելյան
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը