Պատերազմ է փաստորեն, առաջին հերթին Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի. Դավիթ Բաբայան


Պատերազմ է փաստորեն, առաջին հերթին Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի. Դավիթ Բաբայան

  • 19-09-2023 14:54:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիային ի պատասխան առաջին հերթին Ռուսաստանի կողմից քայլերի անհրաժեշտություն է տեսնում:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բաբայանն այս մասին ասաց 5-րդ ալիքի հետ զրույցում:
 
«Պատերազմ է փաստորեն, կրակում են: Մերոնք պատասխանում են, մենք ձեռքերը ծալած չպետք է նստենք: Հիմա պետք է ամբողջ միջազգային հանրությունը, առաջին հերթին Ռուսաստանն այդ հարցը քաղաքական առումով կասեցնի ու կարգավորվի: Արդեն  չափ ու սահմանն անցել է»,-ասաց Բաբայանը:
 
Նա շեշտեց՝ Ռուսաստանն, իհարկե, կարող է և պետք է բոլոր քայլերը ձեռնարկի:
 
Բաբայանն ասաց, որ Ադրբեջանի այս գործելաոճը անկանկալ չէր, Ադրբեջանից այլ բան չէին էլ կարող սպասել:
 
«Պետք է լավ հասկանանք, թե ինչ պետության հետ գործ ունենք: Ի դեմս Ադրբեջանի՝ ունենք երկիր, որտեղ հայատյացությունը պետական «կրոն» է: Իրենից այլ բան սպասել չէինք կարող: Կկարողանայի՞նք մենք դա կանխել՝ ոչ, քանի որ իրենք այս պահի դրությամբ իրենց զգում են անպատժելի:  Պետք է առաջին հերթին քայլեր ձեռնարկի Ռուսաստանը»,-շեշտեց նա:
 
Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրեց, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, իսկ արդեն 13։20-ի սահմաններում սկսեցին տարբեր բնակիչներից տեղեկություններ ստացվել, որ գնդակոծության ձայներ են լսվում նաև Ստեփանակերտում։
 
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ փաստացի հաստատելով ռազմական գործողությունների փաստը՝  իբր «հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու» կեղծ պատրվակով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը