Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Ժողովրդավարության արդյունքները» համաժողովին


Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Ժողովրդավարության արդյունքները» համաժողովին

  • 21-09-2023 09:50:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Ժողովրդավարության արդյունքները» համաժողովին։ Վերջինս համակարգում էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը։
 
Մինչև համաժողովի մեկնարկը նախարար Միրզոյանը զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ շեշտելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը դադարեցնելու համար միջազգային միջամտության անհրաժեշտությունը։
 
Համաժողովի ժամանակ Արարատ Միրզոյանը մասնավորապես նշել է, որ չնայած ժողովրդավարության ոլորտում Հայաստանում առկա մի շարք ձեռքբերումներին, ներկայիս տարածաշրջանային զարգացումների բերումով ստիպված է անդրադառնալ հայկական ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերներին և սպառնալիքներին: 
 
«Սա երկրորդ անգամն է, որ ես ելույթ եմ ունենում այս կարևոր միջոցառմանը և երկրորդ անգամը, որ ես ստիպված եմ խոսել մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի և Ադրբեջանի հերթական ագրեսիայի մասին: Անցյալ տարի, մինչ մենք քննարկում էինք մեր ժողովրդավարական ուղու առջև առկա մարտահրավերներն ու սպառնալիքները, Հայաստանի ինքնիշխան տարածքն ագրեսիայի էր ենթարկվել Ադրբեջանի կողմից: Ցավոք, Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը շարունակվեց նաև այս տարի, և այս անգամ այն ուղղված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: 120.000 մարդիկ՝ ներառյալ կանայք, երեխաներ և տարեցներ, ներկա պահին առերասվում են իրենց կյանքի համար գոյութենական սպառնալիքի, քանի որ Ադրբեջանը փորձում է էթնիկ զտման ենթարկել և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին զրկել իրենց հայրենիքում անվտանգ, ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքից»,- նշել է նախարար Միրզոյանը։
 
ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հաշվի առնելով իրավիճակի բարդությունը, միջազգային հանրությունը պետք է հրատապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկի վերահաս ոճրագործությունը կանխելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու նպատակով: 
 
Եզրափակելով իր ելույթը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է. «Եթե մենք հիրավի ցանկանում ենք ապահովել ժողովրդավարության արդյունվետությունն ընդդեմ ավտորիտար պարտադրանքի, ժողովրդավարական աշխարհն իր ձեռբերումները գովաբանելով հանդերձ, պետք է լուրջ քայլեր ձեռնարկի ընդդեմ առկա սպառնալիքների և մարտահրավերների՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքների և անվտանգության հարցերի ժամանակին հասցեագրումը՝ նպատակ ունենալով կանխել հանցագործություններից ամենածանրը՝ ցեղասպանությունը, և Հարավային Կովկասում խթանել արդար և տևական խաղաղություն»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play