ԼՂ բնակիչները հայացքները հառել են մեզ. ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ


ԼՂ բնակիչները հայացքները հառել են մեզ. ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

  • 22-09-2023 10:20:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Լինդա Թոմաս-Գրինֆիլդի խոսքով` Ադրբեջանը պարտավոր է ապահովել իր զինված ուժերի գործողությունների ամբողջական համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին։
 
Իրավիճակը ծանր է, և ԱՄՆ–ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության հանդեպ բռնության դեպքերի վերաբերյալ տեղեկություններից։ Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում այս հայտարարությունն արեց ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռազմական գործողության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել Ֆրանսիայի պահանջով։
 
«Ադրբեջանը պատասխանատվություն ունի ապահովելու իր զինված ուժերի գործողությունների ամբողջական համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում` մարդասիրական իրավունքի, որոնք վերաբերում են մարտական գործողությունների վարմանը, քաղաքացիական անձանց պաշտպանությանը և մարտական գործողությունների մասնակիցների նկատմամբ մարդավայել վերաբերմունքին»,– ասաց Թոմաս–Գրինֆիլդը։
 
Նա շեշտեց` ԱՄՆ–ն կողմերին կոչ է անում ապահովել, որ մարդասիրական կազմակերպությունները կարողանան սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ հասցնել առանց որևէ ճանապարհային պատնեշների։ ԱՄՆ ներկայացուցիչը հավելեց, որ պետք է ապահովել մարդասիրական աշխատողների անվտանգությունը։
 
Նա հիշեցրեց, որ մարդասիրական բեռների տեղաշարժի թույլտվությունից մեկ օր անց Ադրբեջանը սկսեց ռազմական գործողությունը։
 
«Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այս դժվարին պահին հայացքները հառել են մեզ»,– ընդգծեց Լինդա Թոմաս-Գրինֆիլդը` նշելով, որ ԱՄՆ–ն ավելի քան 24 միլիոն դոլարի մարդասիրական և զարգացման օգնություն է ցուցաբերել 2020 թվականից հետո` արձագանքելով ճգնաժամին։ Սակայն, նրա խոսքով, ճգնաժամի լուծման հնարավոր է հասնել բռնությանը վերջ դնելու և տևական խաղաղության միջոցով։
 
Թոմաս–Գրինֆիլդը կարևոր համարեց միջազգային առաքելության կազմակերպումը, որը, ըստ նրա, վստահություն կներշնչի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որ նրանց իրավունքներն ու անվտանգությունը կպաշտպանվեն` Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համապատասխան։
 
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
 
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
 
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
 
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
 
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play