Պետք է ճանապարհային քարտեզ մշակենք ԼՂ բնակչությանն Ադրբեջանի սահմանադրական կարգին ինտեգրելու համար. ՌԴ ներկայացուցիչ


Պետք է ճանապարհային քարտեզ մշակենք ԼՂ բնակչությանն Ադրբեջանի սահմանադրական կարգին ինտեգրելու համար. ՌԴ ներկայացուցիչ

  • 22-09-2023 10:25:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության կտրուկ սրացում եղավ, վատթարացավ մարդասիրական իրավիճակը, փախստականների թվի կտրուկ ավելացման ռիսկեր առաջացան, բախումների ընթացքում եղան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, դժբախտաբար, ռուս խաղաղապահները ևս զոհեր ունեցան իրենց առաքելությունը կատարելիս: Այդ մասին ՄԱԿ ԱԽ նիստում հայտարարեց ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:
 
«Մենք ի գիտություն ենք ընդունել, որ ադրբեջանական կողմը պատրաստ է անմիջապես լիարժեք հետաքննություն անցկացնել այդ ողբերգության կապակցությամբ, և հրամանատարներին արդարադատության առաջ կանգնեցնել:
 
Չնայած այս բարդ իրավիճակին՝ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է բարեխղճորեն կատարել իր առաքելությունը և հնարավոր ամեն ինչ անում է՝ պաշտպանելու համար քաղաքացիական բնակչությանը, և մարտական գործողությունների վերսկսման պահից ի վեր՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը կապի մեջ է եղել ղարաբաղահայության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների հետ և քայլեր է ձեռնարկում, որպեսզի անմիջապես դադարի արյունահեղությունը, և ապահովվեն մարդասիրական իրավունքի նորմերը քաղաքացիական բնակչության համար»,- նշել է դիվանագետը:
 
Նա հավելել է, որ ամենավտանգավոր շրջաններից մոտ 5 հազար քաղաքացի է տարհանվել, այդ թվում՝ մոտ հազար երեխա, խաղաղապահները նրանց են տրամադրել կացարան, սնունդ, բուժօգնություն է ցուցաբերվել:
 
«Ռուսական խաղաղապահ զորախմբի ակտիվ միջնորդությամբ համաձայնություն է ձևավորվել լիովին դադարեցնելու մարտական գործողությունները: Սեպտեմբերի 21-ին բանակցություններ են ծավալվել ԼՂ հայկական բնակչության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջև Եվլախ քաղաքում ռուս խաղաղապահների մասնակցությամբ և համակարգմամբ: Ամենակարևոր գերակայությունն է՝ թույլ չտալ մարտական գործողությունների վերսկսումը և իրավիճակը վերադարձնել քաղաքական հուն: Ռուսական առաքելությունը շարունակում է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման գործում, և բոլորից ավելի մենք ենք շահագրգռված այս իրավիճակի հնարավորինս շուտ հանգուցալուծմամբ»,- ասել է Պոլյանսկին:
 
Նա հիշեցրել է ՌԴ նախագահի քննարկումները ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ, նշել, որ նրանք պայմանավորվել են ջանքեր գործադրել լարվածության թոթափման, կայունացման ուղղությամբ: Նրա խոսքով՝ խաղաղությունը պետք է ուղեկցվի անվտանգության հստակ և միանշանակ երաշխիքներով, ինչպես նաև մարդու իրավունքների հարգման երաշխիքներով ԼՂ բնակչության համար՝ հիմնվելով միջազգային սկզբունքների վրա:
 
Դիվանագետի խոսքով՝ հակամարտության լուծման պարամետրերը նախատեսվել են 2022թ. հոկտեմբերին ԵՄ գագաթնաժողովներում Երևանի կողմից, որտեղ ճանաչվել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է:
 
«Միևնույն ժամանակ այդ գագաթնաժողովների հռչակագրում բաց է թողնվել Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության թեման: Ակնկալում ենք, որ Բաքվի և Խանքենդիի միջև շփումների արդյունքում հնարավոր կլինի հնարավորինս շուտ թեթևացնել մարդասիրական իրավիճակը տարածաշրջանում և ապահովել կայունություն ԼՂ բնակիչների առօրյա կյանքում: Մենք դրան հնարավոր ամեն կերպ կաջակցենք: Պետք է ճանապարհային քարտեզ մշակենք ԼՂ բնակչությանն Ադրբեջանի սահմանադրական կարգին ինտեգրելու համար՝ երաշխավորելով նրանց իրավունքները և անվտանգությունը: Այս գործընթացին անտիվորեն կաջակցեն ռուս խաղաղապահները:
 
Հայ-ադրբեջանական կարգավորման համար էլ իրավական հիմքեր են նախատեսված 2020-2022թթ. եռակողմ հայտարարություններով, և միայն դրանք կարող են կայուն լուծում ապահովել հակամարտության  համար»,- ասել է ռուս դիվանագետը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play